Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Օմեր Չելիքը։ Նա նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթի ժառանգության ժամանակավոր ցանկում ընդգրկվել են նաև Թուրքիայից 10 մշակույթային արժեք ներկայացնող կառույցներ:
Վանա լիճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-521 թվականներին, Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով՝ ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։ Այն հանդիսանում է հայ ճարտարապետության կոթողներից մեկը, հնում՝ Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոն՝ Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասը։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթությունը։ Զարդաքանդակները ստեղծելիս Մանվելը հաշվի է առել հնարավոր դիտանկյունները և տարբեր ժամերի լուսավորությունը։ Պատերից մեկի վրա Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին՝ ողջ հասակով Քրիստոսը, որին արքան պարզում է եկեղեցու մանրակերտը։ Աստվածաշնչի թեմաներով որմնաքանդակներից մեկի վրա պատկերված է Ադամի և Եվայի առասպելը՝ արարումից մինչևբ դրախտից արտաքսում։ Արևելյան ճակատին պատկերված են Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները։ Նրանց կողքին են նաև Գրիգոր Լուսավորիչը, Արծրունյաց տան եպիսկոպոսները, արաբական արշավանքների ժամանակ հերոսացածները, այդ թվում՝ Արծրունյաց ցեղի 4 ներկայացուցիչ՝ հարազատներով շրջապատված։ Եկեղեցու պատերից մեկին պատկերված է խաղողի մշակման ողջ ընթացքը՝ որթը տնկելուց մինչև գինու պատրաստելը։ 1113 թվականին այն դարձել է Աղթամարի կաթողիկոսության նստավայրը:
2007 թ. եկեղեցին վերանորոգվել է Թուրքիայի կառավարության մողմից։ 2010 թվականի սեպտեմբերի 19-ին եկեղեցում, 95-ամյա ընդմիջումից հետո, տեղի է ունեցել առաջին պատարագը, իսկ սեպտեմբերի 30-ի գիշերը եկեղեցում վրա տեղադրվեց խաչը: Մինչ այդ թուրքական իշխանությունները հրաժարվում էին եկեղեցում գմբեթի վրա խաչի տեղադրումը: