«Հունիսի 2-ին կառավարության նիստում մենք արդեն կամփոփենք կոռուպցիայի, կաշառակերության և մենաշնորհների դեմ սկսված պայքարի արդյունքները: Մենք ինչ որ ասել ենք իրականացնելու ենք, հետևողական ենք լինելու մեր խոստումների, հանձնարարությունների մեջ, մեր թիմը՝ նախագահի գլխավորությամբ, այն ինչի մասին բարձրաձայնել ենք, իրականացնելու ենք, ուղղակի ձեզ պիտի խնդրեմ՝ մի քիչ համբերեք», - ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, որ միգուցե շաքարավազի ոլորտում մենաշնորհը օրենքով ամրագրվի, վարչապետն ասել է, որ դա ընդամենը աշխատանքային տարբերակն է, որ դեռ պետք է քնարկվի: «Բոլոր հարցերն առաջիկայում կքննարկվեն, ինչպես նաև բոլոր որոշումները կընդունվեն մանրազնին վերլուծության արդյունքում, ելնելով նպատակահարմարությունից».-նշել է նա:
Նշենք, որ նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ չի բացառում շաքարավազի ներմուծման վրա սահմանափակումներ սահմանելու հնարավորությունը`Ախուրյանի շաքարի գործարանն ամբողջ հզորությամբ շահագործելու համար: Մինասանն ընդունել է նաև, որ հանրապետոթյունում մենաշնորհները բացահայտելու համար չի տեղավորվում վարչապետի կողմից տրված երեքշաբաթյա ժամկետներում: Նա հայտարարել էր, որ մտադիր է դիմել կառավարությանը և խնդրել լրացուցիչ ժամանակ:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահնամյանը հայտարարել էր, թե մտադիր է հասարակաքաղաքական քննարկումներ անցկացնել` առկա խնդիրների լուծումը գտնելու նպատակով: Նա նաև հայտարարել էր, որ մտադիր է արդյունավետ պայքար սկսել ընդդեմ կոռուպցիայի և մենաշնորհների, ինչպես նաև կրճատել ապարատի ծախսերը, և համապատասխան հանձնարարություններ էր տվել նախարարություններին ու գերատեսչություններին: Փետրվարի 12-ին համանման հայտարարությամբ հանդես էր եկել նախագահ Սերժ Սարգսյանը, որը հայտարարել էր, թե ժամանակն է շատ բան փոխել: Միևնույն ժամանակ, Հայաստանի շատ գործընկերներ, այդ թվում` ԵՄ-ն և ԱՄՆ-ը, արդեն հայտարարել են, որ մտադիր չեն ֆինանսական աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարի համար, քանի դեռ որոշակի և զգալի արդյունքներ չեն տեսել: