Հայաստանի կառավարությունը, իշխանությունները միջոցներ են ձեռնարկում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ երկխոսություն հաստատելու համար: Այդ մասին Մինսկում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Պատասխանելով այն հարցին, թե չի կարծում արդյոք, որ հանրապետությունում բողոքները Հայաստանի նկատմամբ ՙերկակի չափանիշների՚ կիրառման փորձ է, որոնք ուղղված են
հասարակության պառակտմանը`արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չի հասկանում, թե ինչ ՙերկակի չափանիշների՚ մասին է խոսքը:
ՙԷլեկտրաէներգիայի թանկացումը դժգոհություն է առաջացրել, մարդիկ ցույցի են դուրս եկել: Կառավարությունը, երկրի իշխանությունները ցուցարարներին երկխոսության կոչ են անում: Այդ առնչությամբ կառավարությունը սոցիալապես անապահովների համար թանկացումը փոխհատուցելու որոշում է կայացրել՚,- նշել է ԱԳՆ ղեկավարը:
Նա ավելացրել է, որ որոշում է կայացվել նաև ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու վերևաբերյալ`անկախ միջազգային փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ցուցարարների մասնակցությամբ, քանի որ վերջիններիս մոտ անվստահություն է առաջացել այդ ընկերության հանդեպ:
ՙԱյդ գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի: Մինչև աուդիտի ավարտը Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման ողջ բեռն իր վրա կվերցնի Հայաստանի կառավարությունը:
Այնպես որ`Հայաստանի կառավարությունը և իշխանությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում`երկխոսություն հաստատելու և ծագած խնդիրները լուծելու համար՚,- նշել է նախարարը:
Այս համատեքստում նախարարը կրկին նշել է, որ գործընկերների կողմից արված մտահոգության արտահայտությունները Հայաստանի իշխանությունները դիտարկում են որպես Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ գործընկերների շահագրգռվածության վկայություն։