Ձեր կարծիքով, արդյո՞ք Ուկրաինայում վերջին տեղական ընտրությունների արդյունքները կփոխեն ընդհանուր առմամբ քաղաքական ուժերի դասավորությունն Ուկրաինայում, մասնավորապես՝ Պյոտր Պորոշենկոյի դաշինքի կողմից իշխանության պահպանման հեռանկարները:
Տեղական ընտրությունների արդյունքները լուրջ փոփոխությունների չեն հանգեցնի Ուկրաինայում: Տեղական ընտրություններն առաջին հերթին ընդգծեցին իշխանության նկատմամբ մոնոպոլիայի բացակայությունն ուկրաինական որևէ կուսակցության մոտ: Երկրորդ՝ ցույց տվեցին, որ բոլորը չեն գոհ սպասված մակարդակով բարեփոխումների բացակայությունից: Երրորդ՝ քանի որ ընտրություններն ընթացել են նոր օրենսդրությամբ, որը դեռ բոլորին հասկանալի չէր, շատերը քվեարկել են ծանոթ անունների, այլ ոչ թե նոր անձանց օգտին:
Միաժամանակ Ուկրաինայում ըմբռնումով են վերաբերում մեր երկրի շուրջ իրավիճակի առնչությամբ Երևանի և Բաքվի դիրքորոշմանը: Իհարկե, կցանկանայինք, որ Երևանը բացահայտ կերպով դատապարտեր Ղրիմի բռնակցումը՝ որպես միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերի խախտում: Սակայն, մենք շատ լավ հասկանում ենք թե՛ դրսից ճնշման մակարդակը, թե՛ Կովկասում գոյություն ունեցող հակամարտությունները, թե՛ տնտեսական սերտ կապերի առկայությունը, որոնք կարևոր են երկրի համար:
Մի շարք ուկրաինական և ռուսական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կառավարումն սկսվել է Լեհաստանի քաղաքացիներին ուղղված կոչով՝ պատրաստ լինել նախկին լեհական հողերի /Պոլեսիա, Գալիցի և Վոլինի/ վերադարձի համար պայքարին: Արդյո՞ք դեպի Եվրոպա ձգտող Կիևին չի մտահոգում այս հայտարարությունները՝ հաշվի առնելով, որ համանման պահանջներ կարող են ներկայացնել ԵՄ ևս երկու անդամ՝ ի դեմս Հունգարիայի և Ռումինիայի:
Լեհաստանի նախագահին վերագրվող հայտարարություններն ընդամենը հասարակական կարծիք ձևավորելու փորձ է, ըստ որի՝ Ուկրաինային, միևնույն է, ապաինտեգրում է սպասվում, և որ արևմտյան երկրները նույնպես ցանկանում են Ուկրաինայից մի կտոր պոկել, իսկ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն այնքան էլ ունիկալ չէ: Ուկրաինական որևէ լուրջ լրատվամիջոց այդ ՙլուրը՚ չի հրապարակել: Ցավոք, քարոզչությունը, տեղեկատվական պատերազմը, բամբասանքը կարևոր զենք են դարձել այդ հակամարտությունում: Ռուսական ԶԼՄ-ները դեռ ներկայիս ճգնաժամը սկսվելուց առաջ հաճախ տեղեկություններ էին հրապարակում Ռումինիայի, Լեհաստանի և Հունգարիայի կողմից ուկրաինական սահմանները վերանայելու՝ իբր գոյություն ունեցող սպառնալիքի մասին: Մինչդեռ այդ նույն երկրներում դա միայն քմծիծաղ է առաջացրել, քանի որ վերջիններս շահագրգռված են Ուկրաինայի տարածքային ամբողջականությամբ և կայունությամբ:
Ռուսական ռազմաօդային ուժերի մասնակցությունը Սիրիայում ԻՊ ահաբեկիչների վերացմանը շեղեց միջազգային ուշադրությունն ուկրաինական խնդրից: Ի՞նչ հետևանքներ դա ունեցավ հակամարտութան և ընդհանուր առմամբ Ուկրաինայի իրավիճակի վրա:
Սիրիայում ռուսական գործողությունը և Ուկրաինայի նկատմամբ քաղաքականությունն ինչ-որ չափով մեկ խճանկարի մաս են: Ռուսաստանը միշտ ձգտել է աշխարհում կարևոր հարցերի և խնդիրների առնչությամբ բանակցությունների սեղանի շուրջ գտնվել: Մինչև վերջերս նման հարց էր իրանական միջուկային ծրագիրը, որի շուրջ բանակցություններին Մոսկվան մասնակցում էր՝ նույնիսկ չնայած ուկրաինական ճգնաժամին: Սակայն, իրանական հարցը կարգավորվեց, և փաստորեն Ռուսաստանը, Ուկրաինայում իր գործողությունների պատճառով, դուրս մնաց նման ձևաչափերից, որտեղ կարելի է ընդգծել իր կարևորությունը: Մոսկվայի միջամտությունը սիրիական հակամարտությանը մի քանի պատճառ ունի: Այդ պատճառներից մեկն է՝ ապացուցել, որ Ռուսաստանը հարկավոր է բանակցությունների սեղանի շուրջ, նրան չի կարելի բացառել՝ չնայած ուկրաինական հարցի հետ կապված ողջ մեկուսացմանը և պատժամիջոցներին: Հնարավոր է, Ուկրաինայի շուրջ ճգնաժամին իր մասնակցությունից ուշադրությունը շեղելու նպատակ է եղել: Սակայն, առայժմ արևմտյան երկրներն այդ երկու հարցերը զուգահեռ են դիտարկում: Ոչ ոք չի պատրաստվում թուլացնել պատժամիջոցները կամ քննադատությունը՝ Սիրիայի շուրջ բանակցություններին Մոսկվայի մասնակցության պատճառով:
Օրերս ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտին Մատվիենկոն համոզմունք էր հայտնել, որ Ռուսաստանը և Ուկրաինան պատմական հեռանկարում ՙդատապարտված՚ են ամենասերտ համագործակցության:
ՙԴատապարտված են՚ և ՙեղբայրական ժողովուրդներ՚ արտահայտությունները, որոնք վերջին շրջանում հնչում են ռուսաստանցի քաղաքական գործիչներից, ավելի շատ նման են ինքնահամոզման՝ ինչպես ՙԵս ամենահմայիչն ու գրավիչն եմ՚ հին ֆիլմում: Չի կարելի գալ հարևանի այգին, սպանել նրա հարազատներին, հետո ասել՝ արի ընկերանանք: Ռուսաստանը 300 տարում այդպես էլ չհասկացավ, որ ուկրաինացիների համբերությունը չի կարելի փորձել: Լավագույն դեպքում երկու պետությունները կվերականգնեն որոշակի հարաբերություններ, քանի որ աշխարհագրությունը հնարավոր չէ փոխել: Շատերը կշարունակեն խոսել ռուսերեն լեզվով և ընթերցել ռուս դասական գրականություն, քանի որ դա պատմության և մշակույթի մի մասն է:
Չնայած ԱՄՆ 2016 թ. պաշտպանական բյուջեի նախագծի վրա վետո դնելու ԱՄՆ նախագահի որոշմանը, որով նախատեսվում էր նաև $300 մլն օգնություն ուկրաինական բանակին՝ Կիևն ակնկալում է, որ Ուկրաինային ԱՄՆ ռազմական և այլ օգնությունը կշարունակվի, այսպես կոչված, continuing resolution-ի միջոցով, որը հաջորդ տարի կտեղափոխի 2015 թ. բյուջեի ֆինանսական ծախսերի ծավալները: Գնահատեք ուկրաինական բանակին ամերիկյան օգնության արդյունավետությունը՝ երկրի հարավ-արևելքում ձգձգվող դիմակայության լույսի ներքո:
Պաշտպանական բյուջեն օգնության մի մասն է միայն, որն Ուկրաինան ստանում է ԱՄՆ-ից և գործընկեր այլ երկրներից պաշտպանական և ռազմական ոլորտում: Այդ թիվն ավելի շուտ վերաբերել է անմիջական օգնությանը՝ առանձին զինատեսակների տեսքով: Միաժամանակ ԱՄՆ-ը նշանակալի օգնություն է ցուցաբերում բանակի բարեփոխման, զինվորների և սպայական կազմի նախապատրաստման, բժշկական և այլ օջանդակ սարքավորման փոխանցման գործընթացում: Դժվար է գնահատել ամերիկյան օգնության արդյունավետությունը՝ առանձին այլ երկրներից, քանի որ արդյունավետությունը հենց սերտ համագործակցության մեջ է: Ուկրաինան, այնուամենայնիվ, առաջին հերթին հույսն իր ուժերի վրա է դնում: