Հայաստանի քաղաքական շատ ուժեր և հասարակական կազմակերպություններ արդեն դատապարտել են Երևանում գիշերը տեղի ունեցած իրադարձությունները:
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից պատգամավոր Վահե
Էնֆիաջյանը Facebook-ի
իր էջում գրել է. ՙԳիշերվա դեպքերին արձագանքելով` ամենախիստ դատապարտող բառերն անգամ քիչ են: Ուժի կիրառումը միշտ պետք է լինի ծայրաստիճան հիմնավոր, արդարացված և, վերջ ի վերջո, համաչափ:
Սարի Թաղում հատուկ կամ ինչ անուն էլ տանք այդ գործողություններին, միևնույնն է, չի կարող արդարացնել խաղաղ բնակիչների հանդեպ կիրառված անթույլատրելի ուժը՚:
ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ՙԱյն, ինչ տեղի ունեցավ անցած գիշերը, կեղծված ընտրություններից եւ սահմանադրական հանրաքվեից հետո մարդու իրավունքների խախտումների, բիրտ ուժի ցուցադրության ամենացայտուն շքահանդեսն էր՚: ՙՄենք պահանջում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, պահանջում ենք այս վարչակազմի հրաժարականը, որը վերստին ապացուցեց, որ ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքակիրթ աշխարհի հետ, եւ շարունակում է հակված մնալ ավելի շուտ Յանուկովիչի ու աշխարհի բռնապետական, ամբողջատիրական այլ վարչակարգերին: Առանց երկրի ներսում քաղաքացիական եւ մարդու իրավունքների հարգման եւ պատշաճ պաշտպանության, առողջ բանավեճի, երկխոսության ու արդարության հնարավորություններն ի չիք կդառնան, եւ մեր երիտասարդ, խոստումնալից հանրապետությունը կհայտնվի անկանխատեսելի ու անձեւ քաոսի դեմհանդիման, ինչը կարող է ազգային անվտանգության լուրջ սպառնալիք դառնալ՚,- ասել է Հովհաննիսյանը՝ կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիական հանրությանը` մեկտեղել ջանքերը, միասին ոտքի ելնել` կարճ ժամանակամիջոցում հաստատելու սահմանադրական պետություն:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, մասնավորապես, ակնհայտ հանցավոր գործելաոճ է համարել ոստիկանության բացահայտ թողտվությամբ և աջակցությամբ քաղաքացիական հագուստով անձանց խմբերի սադրիչ և անմարդկային գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ: ՙՎստահ ենք, որ ՀՀ-ում իրավիճակի ապակայունացումը և արյունահեղությունը կարող է բերել անդառնալի հետևանքների ՀՀ թե՛ ներքին և թե՛ արտաքին կյանքի համար և այդ ամենի ողջ պատասխանատվություն կրում է իշխանությունը: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնություն գործադրելուց, ժամ առաջ վերջ դնել բռնություններին և առաջացած ճգնաժամը լուծել բացառապես քաղաքական ճանապարհով՝ բանակցություններով և խաղաղ միջոցներով՚,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:
ՙԼուսավոր Հայաստան՚ կուսակցությանը նույնպես իր հայտարարությունում անիրավաչափ և անօրինական է համարել Ոստիկանության գործողությունները:
ՙՕրինաց երկիր՚ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, անդրադառնալով գիշերը տեղի ունեցած իրադարձությունների, հայտարարել է. ՙԱյն, ինչ տեղի ունեցավ Երևանում, արդեն մարդկային չէ, բանական չէ: Մարդկանց ծեծելով, վառելով, աչք հանելով, կամ ոտք ու ձեռք ջարդելով խնդիրները չեն լուծվելու: Ընտրված մեթոդը ամենավատ տարբերակն է: Դա միայն ավելացնում է ատելությունն ու անհանդուրժողականությունը: Անհապաղ անհրաժեշտ է գտնել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման քաղաքական եղանակներ, իսկ իշխանությունը փոխզիջումների գնալու փոխարեն վերցրել է ինքնաոչնչացման ուղին՚:
Իսկ Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են միջազգային կառույցներին՝ Երևան առաքելություն ուղարկելու, ոստիկանության բռնությունը կանխելու, իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը և ձերբակալվածների ազատ արձակմանն աջակցելու խնդրանքով: