Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել
է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի
մամուլի ծառայությունից, ողջունելով
հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության Նախագահը կարևորել է
բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, հայ-իրանական
հարաբերությունների օրակարգը և համագործակցության զարգացման հեռանկարները
քննարկելու լավ հնարավորություն են:
Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2013
թվականին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր այցը և Նախագահ Հասան
Ռոհանիի հետ ունեցած հանդիպումն ու պայմանավորվածություները, որոնց իրագործման,
ինչպես նաև բարեկամ Իրանի հետ հարաբերությունները մշտապես նորոգելու և խորացնելու
հարցում Հայաստանը պատրաստակամ է ու շահագրգիռ:
Արտգործնախարար Զարիֆն ընդգծել է, որ հայ-իրանական
հարաբերությունները կարող են աշխարհի համար լավ օրինակ լինել, թե ինչպես
մահմեդական և քրիստոնեական երկրները կարող են կողք-կողքի խաղաղ համակեցություն
ունենալ: Նա նշել է, որ Իրանը ևս շահագրգիռ է առանց սահմանափակումների բոլոր
ոլորտներում զարգացնել բարեկամ և վստահելի գործընկեր Հայաստանի հետ հարաբերությունները:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել են տնտեսական
համագործակցության հարցերը, և հատկապես նախանշված խոշոր ծրագրերի իրականացման
գործում հետևողական աշխատանքը, որը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստի երկու
երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճին և իր ազդեցությունը կունենա այլ
ոլորտներում հարաբերությունների առավել սերտացմանը:
ՀՀ
Նախագահը և Իրանի արտգործնախարարն անդրադարձել են նաև տարածաշրջանի և միջազգային
արդի խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայման և տևական կայունության ու
խաղաղության հասնելու համար, նրանց կարծիքով, չափազանց կարևոր է միմյանց աջակցելը: