Հայաստանի զինված ուժերի ներուժն այսօր ի զորու է ապահովել սեփական տարածքի անվտանգությունը: Հոկտեմբերի 4-ին այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Հայաստանում ընթացած ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) զորավարժության շրջանակում:
Նրա ասելով, Հայաստանի ԶՈՒ ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով` երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ապահովելու համար: «Որքան ինձ հայտնի է, դա արվում է բավականին հաջող: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող իրադարձություններին, ապա, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքի գնդակոծումն անթույլատրելի երևույթ է: Միանգամայն անընդունլի է, երբ ծանր սպառազինություն է կիրառվում, գորրծնականում, խաղաղ բնակավայրերի դեմ», - ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նա ընդսմին տարակուսանք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ հարևանի կողմից արձագանք չի հետևել վերջին շրջանում Հավաքական անվտանգհության խորհրդի, արտգործնախարարների բազմաթիվ հայտարարություններին: «Ես կարծում եմ, որ ռազմական բախումների և տարածքների գնդակոծությունների աճի պայմաններում ողջ համաշխարհային հանրությունը պետք է արտառոց միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում հնարավոր սրումը կանխելու նպատակով: Ես կարծում եմ, որ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ևս մեկ թեժ կետ ձեր տարածաշրջանում անընդունելի է բոլորի համար` թե Հայաստանի և ՀԱՊԿ-ի, թե ՄԱԿ-ի և թե ԵԱՀԿ-ի համար: Ուստի ողջ համաշխարհային հանրությունը պետք է արձագանքի` իրավիճակի սրում թույլ չտալու նպատակով», - հայտարարել է Բրոդյուժան:
Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե երբ կարձագանքի ՀԱՊԿ-ը, կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ դրա համար գոյություն ունեն համապատասխան մեխանիզմներ: «ՀԱՊԿ ներուժը կգործարկվի այն ժամանակ, երբ բուն պետությունն արդեն ի զորու չի լինի իրեն պաշտպանել: Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կայացվում է որոշում, թե ինչ օգնություն կազմակերպվի` նյութատեխնիկական, քաղաքական կամ ռազմական: Սակայն ամեն ինչի հիմքում ընկած է օգնության վերաբերյալ տվյալ պետության դիմումը», - եզրափակել է Բորդյուժան: