


ՙՌոստելոկոմ՚ ընկերությունը Հայաստանի իր հաճախորդներին ներկայացրել է ՙԳիշերային արագացում՚ նոր ծառայությունը, որը թույլ կտա ինտերնետի անսահմանափակ արագություն ապահովել գիշերային ժամերին: Այդ մասին հունիսի 14-ին հայտարարել է ՙՋի-Էն-Սի Ալֆայի՚ (հանդես է գալիս ՙՌոստելեկոմ՚ բրենդով) գլխավոր տնօրեն Հայկ Փարամազյանը դեպի Ռոստելեկոմի գրասենյակ կազմակերպված բլոգ տուրի ժամանակ:
Աբովյան քաղաքում գտնվող գրասենյակում ՙՌոստելեկոմը նշել է Բլոգերների միջազգային օրը` բլոգերների և լրագրողների մասնակցությամբ: Գլխավո տնօրենը հաղորդել է, որ ՙԳիշերային արագացում՚ ծառայությունը ՙՌոստելեկոմի՚ բոլոր բաժանորդներին հնարավորություն է տալիս հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ժամերին (00:00-08:00) ինտերնետից օգտվել առանց արագության սահմանափակման: ՙՏեխնիկկապես ինտերնետային կապի արագությունը կսահմանափակվի 100 մեգաբիթով, սակայն, նման արագությունը հազիվ թե կարելի է սահմանափակում համարել՚ - ասել է Փարամազյանը:
Լրագրողների և բլոգերների հետ շփման ընթացքում գլխավոր տնօրենը պատմել է ընկերության ձեռքբերումների մասին` ծառայություների տրամադրման աշխարհագրության ընդլայնման և հաճախորդների բազայի արագ աճի առումով: Նա հիշեցրել է, որ ընկերությունն իր առաջխաղացումն սկսել է մարզերից, որտեղ մեծ ներուժ է տեսնում: Գյուղական համայնքներում, որտեղ կապի ոչ մի ենթակառույց չի եղել, ներկայում մեծ ժողովրդականություն է վայելում անլար ինտերնետային կապը: Շատերը գյուղերում օգտվում են Skype-ից: Ծառայություններից օգտվելու գործում առավել ակտիվություն է դրսևորում երիտասարդությունը, իսկ առավել ժողովրդականություն են վայելում ռուսական կայքերը: Բացի որակյալ լայնաշերտ ինտերնետից առաջիկայում, մոտավորապես հուլիսին, ՙՌոստելեկոմը՚ կսկսի տրամադրել հեռուստատեսային ծառայություններ, ասել է Փարամազյանը: Նրա հավաստմամբ, ընկերությունն արդեն ներկայացված է Հայաստանի 10 քաղաքներում, չհաշված գյուղական համայնքները, ևս 10 քաղաքներում կսկսի ծառայություններ տրամադրել մինչև տարեվերջ:



