Մինչև տարեվերջ Երևանում կբացվի ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից ճառագայթաբանական կենտրոն: Խորհրդրաանում բյուջեի շուրջ լսումների ժամանակ այդ մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
«Կենտրոնի բացման համար անհրաժեշտ բժշկական տեխնիկան արդեն ձեռք է բերվել, և ընթանում են դրա շուտափույթ բացմանը նպատակաուղղված աշխատանքներ», - նշել է նա:
Հիշեցնենք, որ 2009 թվականից ի վեր լուրջ աշխատանքներ են տարվում ժամանակակից ուռուցքաբանական կենտրոնի ստեղծման ուղղությամբ, որը Երևանում ստեղծվում է Հայաստանի մրցունկաության ազգային հիմնադրամի նախաձեռնությամբ` հիմնադրամի և բելգիական Global Medical Solutions ընկերության միջև ստորագրված փոխգործակցության շուրջ հուշագրի շրջանակում: Կենտրոնն ստեղծվում է Հայաստանի միջուկային ֆիզիկայի բնագավառում առկա ներուժի հիման վրա` նաև բժշկական և տեխնիկական մասնագետների նոր սերնդի պատրաստման ու վերապատրաստման նպատակով:
Վիճակագրական տվյալների համաձայն, ամեն տարի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների արդյունքում 2700 մարդ հաշմանդամ է դառնում, ինչի պատճառով տնտեսությունը կրում է վիթխարի կորուստներ, որոնք գերազանցում են տարեկան 75 մլն դրամը: Հայաստանում դիսպանսերային բուժում է ստանում շուրջ 32 հազար ոուռուցքային հիվանդ: