Հունվարի 22-ին տեղի է ունեցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի
գլխամասային գրասենյակի պատին (Բայրոնի 1 հասցեով) տեղադրված 19-րդ դարի անգլիացի մեծ բանաստեղծ, ականավոր հայագետ և հայ
ժողովրդի մեծ բարեկամ Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու պաշտոնական բացման
արարողությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի
ծառայությունից, հավատարիմ մնալով ավանդույթներին, իր սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում բանկը քանդակագործ Հայկ Թոքմաջյանի հետ ձեռնամուխ եղավ ևս մեկ մշակութային ծրագրի իրագործմանը: «Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների սերտացումը և անգլիացի մեծ բանաստեղծի ավանդը հայագիտության մեջ՝ մենք որոշեցինք լրացնել նման մեծ գործչի հուշարձանի բացակայությունը համանուն փողոցում, որտեղ գտնվում է մեր բանկի գլխամասային գրասենյակը», -
հայտարարել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ
գլխավոր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Կիսանդրու բացման առիթով Ջորջ Գորդոն Բայրոնի ծոռը՝ Լորդ Ռոբին Բայրոնը, շնորհակալական ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, ասվում է. «Անտարակույս, մեծագույն խանդավառություն է պատճառում այն հանգամանքը, ու Երևանի կենտրոնում՝ Բայրոնի փողոցում տեղադրվում է լորդ Բայրոնի կիսանդրին: Ես առաջին անգամ լորդ Բայրոնի հանդեպ հայերի խորին ակնածանքի մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ որոշվել էր 1988թ. երկրաշարժից Գյումրիի տուժած դպրոցը բրիտանական օժանդակությամբ վերակառուցելուց հետո անվանակոչել լորդ Բայրոնի անվան դպրոց: Շնորհավորում եմ այս նախագծում ներգրավված բոլոր մասնակիցներին և լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր հայերին: Անհամբերությամբ ակնկալում եմ տեսնել կիսանդրին Երևան իմ հաջորդ այցելության ժամանակ»: Ռ.Բայրոնի ուղերձն ընթերցել է Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:
Նշենք,
որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Հայաստանում
գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մաժորիտար
բաժնետեր հանդես է գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային
խումբը` կապիտալում 15,56% բաժնեմասով, մասնակցության մեծությամբ նրան հետևում է SJSC
"Sacam International" բաժնետիրական ընկերությունը (Credit Agricole S.A
խմբի անդամ)` 12,44%, որոնցից բացի կապիտալում ներկա են գյուղացիական փոխօգնության
10 մարզային միություններ: Բանկի նկատմամբ վստահության մասին է վկայում հաճախորդների
բազայի 25 անգամ ավելացումը` հիմնադրման օրվանից ի վեր: Վերջին 10 տարիներին բանկի
մասնայուղային ցանցը 5 անգամ մեծացել է և արդեն ունի 49 ստորաբաժանում (շուկայում
երրորդ դիրքը), որոնք գտնվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի բոլոր
մարզերում: