ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վոլտեր Շտայնմայերը մտադիր է այցելել Հարավային Կովկաս: Այդ մասին նա հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ այցի ընթացքում կքննարկվեն նաև ղարաբաղյան հակամատրության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանն ուղղված քայլերը: Շտայնմայերը ողջունել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների Սանկտ Պետերբուրգի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդգծելով, որ պաշտպանում է հաշտության բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Մինսկի միջնորդներն իրենց հերթին մանրամասն ներկայացրել են Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքները, ընդգծելով, որ կողմերը համաձայնության են հանգել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնման շուրջ, ինչը ենթադրում է ավելի մեծ թվով դիտորդների ներգրավում հակամարտության տարածաշրջանում: Ըստ միջնորդների, այդ պայմանավորվածության նպատակը իրավիճակի կայունացումն է հակամարտության գոտում և վստահության մթնոլորտի ստեղծումը` հաշտության գործընթացը շարունակելու համար:
Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը և քաղաքական բանակցություններին վերադարձը ժամանակի հրամայականն է: