ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը ոչ իշխանական եռյակի կազմում /մտնում են նաև ՙԺառանգությունը՚ և Հայ ազգային կոնգրեսը-խմբ./ կաշկանդված չէ իր գործողություններում և անհրաժեշտության դեպքում կարող է կառավարության հրաժարականը պահանջել: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ից ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նշենք, որ ոչ իշխանական եռյակն աջակցել է կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների դեմ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքին: ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքը հարուցել է ՓՄԲ ներկայացուցիչների վրդովմունքը, ովքեր մի քանի օր շարունակ բողոքի բազմաթիվ ակցիաներ են անցկացրել ՀՀ նախագահական նստավայրի և կառավարության շենքի մոտ:
Ոչ իշխանական քաղաքական ուժերը գտնում են, որ օրենսդրական փոփոխությունները վերջնականապես կկործանեն փոքր և միջին բիզնեսը, և որ կառավարությունը պարզապես պարտավոր է հրաժարվել այդ նախաձեռնությունից:
ՙԵս, իհարկե, լիազորված չեմ ասելու, թե կարող է արդյոք եռյակը որոշակի պահի պահանջել նախարարների կաբինետի հրաժարականը, բայց ամեն դեպքում մենք կաշկանդված չենք որևէ պաշտոնատար անձով, պաշտոնյայով: Եթե մենք զբաղվում ենք քաղաքականությամբ, որևէ սցենար բացառել չի կարելի՚,- ասել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ ոչ իշխանական եռյակի շատ քննադատներ պնդում են, որ վերջինիս առաջատար ուժը`ԲՀԿ-ն, չնայած կտրուկ հայտարարություններին, չի կարող Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը պահանջել, ով ազգակցական կապերի մեջ է ՙԲարգավաճ Հայաստանի՚ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: