Ոստիկանությունը շտապ փակել է Բաղրամյան պողոտան, ուր ողղվել էր հազարավոր ցուցարարների երթն՝ ի զորակցություն Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ապստամբների: Պողոտան փակել են փշալարով՝ խոչընդոտելով ցուցարարների երթը դեպի պետության ղեկավարի նստավայր:
Պողոտայում տեղակայվել է հատուկ տեխնիկա եւ կենդանի ուժ: Ցուցարարների շրջանում կան նախորդ տարի նույն վայրում «Էլեկտրամայդան» կոչված ակցիան կրկնելու տրամադրություններ: Ցուցարարներին է միացել նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հայտարարել է, թե հանդես է գալիս խաղաղ ակցիաների օգտին եւ կասկած է հայտնել այն առնչությամբ, որ գրավված ՊՊԾ գնդի տարածքում զինված դիմակայության զոհ դարձած ոստիկանների կյանքի համար մեղքն ընկնում է ապստամբների վրա: Առայժմ չի որոշվել. արդյոք ցուցարարները կմնան Բաղրամյան պողոտայում, թե կվերադառնան Ազատության հրապարակ:
Թե ով է ղեկավարելու ցուցարարներին, առայժմ դժվար է ասել, քանի որ բողոքի շարժումը լիովին գլխատվել է հատուկ ծառայությունների եւ ոստիկանության կողմից: Արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը կստանձնի այդ պատասխանատվությունը, դժվար է ասել: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը Խորենացի փողոցից, այնտեղ առայժմ հանգիստ է եւ ամայի, թեեւ ոստիկանության ուժեղացված կարգախմբերը շարունակում են ողջ շրջանի շրջափակումը: Ըստ երեւույթին, չնայած ԱԱԾ վերջնագրին, ապստամբների դեմ հատուկ գործողություն դեռ չի սկսվել: