«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի
խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է ֆիզիկական անձանց համար նախատեսված «Կլասիկ-Պլյուս» ժամկետային
ավանդ` առանց պայմանագրի երկարաձգման և
գումարի ավելացման հնարավորության:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից, «Կլասիկ-Պլյուս» ավանդատեսակը տրամադրվում է հետևյալ
պայմաններով` ավանդի ժամկետը – 30, 60, 90 օր, ավանդի արժույթը – ՀՀ դրամ,
տոկոսադրույքը - 15%, 16%, 17%` կախված ավանդի ժամկետից,
նվազագույն գումարը - 500 000 ՀՀ դրամ:
Աղբյուրի համաձայն, ավանդը կարող է բացվել ֆիզիկական անձ
հաճախորդի անունով, լիազորագրով կամ հօգուտ երրորդ անձի: «Կլասիկ-Պլյուս» ժամկետային
ավանդն ընդունվում է մինչև 2015թ. մարտի 10-ը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ՊրոԿրեդիտԲանկը
հայաստանյան բանկերից առաջինն էր, որն զգալիորեն բարձրացրեց ավանդների
տոկոսադրույքները: Մասնավորապես, դեկտեմբերին այդ բանկը մինչև 3 ամիս ժամկետով
դրամային ավանդների համար տոկոսադրույքները բարձրացրեց մինչև 16-18%: Իսկ 2015
թվականի հունվարին ավանդների տոկոսադրույքները բարձրացրեց նաև Անելիք Բանկը, շուկա
դուրս բերելով «Դրամային+» ավանդատեսակը, 16-16.25% տարեկան տոկոսադրույքով,
կախված գործողության ժամկետից` 3 ամիս կամ 6 ամիս:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի
Ֆինանսական Վարկանիշի, Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը ժամկետային ավանդների
պորտֆելով զբաղեցնում է 12-րդ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներով` 11-րդ
հորիզոնականը Հայաստանի բանկային համակարգում: Բանկի ընդհանուր
պարտավորություններում ժամկետային ավանդները կազմել են ավելի քան 26%: Բանկին
հաջողվել է 4-ամյա կտրվածքով ավանդների պորտֆելն ավելացնել ավելի քան 2 անգամ:
Նշենք,
որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն ձեռք բերեց հայկական Առեկսիմբանկի
բաժնետոմսերի 80%-ը, որը հիմնադրվել էր 1998 թվականին: 2008 թվականի հունիսին
Գազպրոմբանկի մասնաբաժինը հասավ 94.15%-ի, իսկ 2008 թվականի սեպտեմբերին
Գազպրոմբանկը Ռայֆֆայզենբանկից գնեց մնացած 5.85%-ը, դառնալով
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ միակ սեփականատերը: