Հնդկաստանը կշարունակի Հայաստանի գիտության,
առողջապահության և կրթության բնագաավառներում տարբեր նախագծերի իրագործման
քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ
Բաբուն` Հանրապետության օրվա 66-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության
ընթացքում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նշել է դեսպանը,
Հնդկաստանը մասնագետներ կուղարկի Հայաստան` երկրի 11 շրջանային հիվանդանոցներում
հեռուստաբժշկության սարքավորման տեղադրման նախագիծն ավարտելու համար, որոնք առցանց
ռեժիմով կկապվեն Երևանի կենտրոնական կլինիկայի հետ: Հեռուստաբժշկությունը հայ
բժիշկներին թույլ կտա հեռակա
խորհրդատվական ծառայության եղանակներ կիրառել մայրաքաղաքի բժիշկ-մասնագետների և
շրջանային հիվանդանոցներում աշխատող նրանց գործընկերների միջև ուղիղ տեսակապի
միջոցով: Հնդկաստանից հրավիրված մասնագետներն արդեն սեմինարներ են անցկացրել` հայ
բժիշկներին հեռուստաբժշկության տեխնոլոգիային ծանոթացնելու նպատակով:
Դեսպանը նաև նշել է, որ երկրորդ խոշոր նախագիծը
Հայաստանի մարզային դպրոցների զինումն է համակարգչային լաբորատորիաներով:
Մասնավորապես, դրանք կստեղծվեն Վանաձորի դպրոցներում: Այդ նախագիծը նույնպես
ավարտական փուլում է, անհրաժեշտ համակարգչային տեխնիկան շուտով կհասնի Հայաստան:
Միևնույն ժամանակ, նշել է դեսպանը, Հայաստանի կրթության ոլորտում Հնդկաստանի
ներդրումները չեն սահմանափակվում վերը նշված նախագծերով, և առաջիկայում ՀՀ
կրթության նախարար Աիրմեն Աշոտյանը մտադիր է այցելել Հնդկաստան` այդ ոլորտում
երկու երկրների հետագա համագործակցության լայն սպեկտրի դիտարկման նպատակով:
Ինչպես
նշել է Սուրեշ Բաբուն, Հայաստանի հետ Հնդկաստանի համագործակցության ոլորտները բազմապլան են և ընդգրկում են տնտեսության,
տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի բնագավառների նախագծեր: Երկու երկրների
միջև հաստատվել են բարեկամական քաղաքական հարաբերություններ: