Ցանկացած քաղաքացի իրավունք ունի վերադառնալ հայրենիք, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Արցախի նախկին պաշտպանության նախարարի Հայաստան վերադարձին և նրա վերջին հարցազրույցին, որում նա անուղղակի ակնարկել է մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին:
Շարմազանովը չի համաձայնել այն կարծիքին, որ Սամվել Բաբայանի հարցազրույցում առկա է մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրության վերաբերյալ ուղերձ: «Սակայն, եթե անգամ դա այդպես է, դա նրա անձնական գործն է, յուրաքանչյուրն իրավունք ունի օրենքի շրջանակում զբաղվել այն գործով, որն իր սրտովն է», - հայտարարել է Շարմազանովը:
Անդրադառնալով Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ Հայաստանի իշխանությունները մինչև ապրիլյան պատերազմը պատշաճ ուշադրություն չեն դարձրել անվտանգության հարցերին, իսկ 2011 թվականին նախագահների Կազանի հանդիպումից հետո, հակառակ Ադրբեջանի, դադարել են արդիականացնել զինված ուժերը, Շարմազանովն ընդգծել է. «Անկախ այն բանից, թե ինչ է ասել Բաբայանը, հայկական զինված ուժերն ապրիլյան պատերազմի ընթացքում կատարել են իրենց առաջադրված խնդիրները, և ռազմական հաջողությունների ճանապարհով բանակցություններում գերիշխող դիրք գրավելու Բաքվի ծրագրերը տապալվել է: Հակառակը, ապրիլյան իրադարձություններից հետո հայկական կողմի դիվանագիտական դիրքերն ամրապնդվել են, ինչի վկայությունն են Վիեննայի հանդիպման արդյունքները, որոնք լիովին համընկնում են հայկական կողմի դիրքորոշումներին:
Մասնավորապես, հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակված պայմանավորվածությունները, որոնք առնչում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնմանը, 1994 թվականի հրադադարի շուրջ համաձայնագրի պահպանմանը, որի ներքո կա Արցախի ստորագրությունը, ինչպես նաև սահմանային միջադեպերի հետաքնության միջոցների ստեղծմանը, համընկնում են հայկակնա կողմի առաջարկություններին, դրանցից հրաժարվել է Ադրբեջանը: Բացի այդ, Հայաստանի բարձրագույն ղեկավարության, գործնականում, բոլոր հայտարարություններում հնչել է այն միտքը, որ ՀՀ և Արցախի անվտանգության հարցերն առաջնային են Երևանի համար»:
Նախօրեին իր հարցազրույցում Սամվել Բաբայանը, մասնավորապես, հյատարարել էր , որ մտադիր չէ միանալ որևէ քաղաքական ուժի, և մի քանի օրից կգնա Ղարաբաղ, «քանզի իր վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում է հենց այնտեղ, իսկ մնացածը ժողովրդի որոշելիքն է»։
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը 1992 թվականից համակարգել է ԼՂՀ պաշտպանական շրջանների մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման գործողության ծրագրի մշակմանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջազգային բանակցություններին, մասնավորապես, 1994 թվականին ԼՂՀ անունից Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրել է հրադադարի շուրջ եռակողմ համաձայնագիրը: 2001 թվականին մեղադրվել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար և դատապարտվել է 15 տարի ազատազրկման, սակայն 2010 թվականի սեպտեմբերին նրան ներում է շնորհվել: Այնուհետև Սամվել Բաբայանը Հայաստանում հիմնել է «Դաշինք» կուսակցություն, որը, սակայն, երկրի քաղաքական դաշտում հաջողություն չի ունեցել: Ավելի ուշ ֆինանսական լուրջ խնդիրների առնչությամբ Բաբայանն ստիպված հեռացել է Հայաստանից, երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում և օրերս է վերադարձել Հայաստան: