2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների թվաքանակը կազմել է 688.5 հազար, մանր եղջերավորներինը` 748.9 հազար, խոզերինը` 142.2 հազար, թռչոնների թվաքանակը` 4.5 միլիոն: Այս մասին հայտարարել են ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Սամվել Գալստյանը և Գրիշա Բաղյանը:
Ձկնաբուծության ոլորտում նույնպես գրանցվել են ձեռքբերումներ: Այսպես, ըստ պաշտոնյաների, ձկան որսը կազմել է 13,9 տոննա, իսկ արտահանումն ավելացել է 2.3%: Մսի արտադրության ծավալը կազմել է 163,3 հազար տոննա, կաթինը` 700 հազար տոննա, ձվիարտադրությունը` 638,8 միլիոն հատ:
Ինչ վերաբերում է 2014 թվականի ցուցանիշներին, ապա անասունների թվաքանակն աճել է 1.7-4.1% -ով, իսկ կենդանական ծագումով արտադրվող ապրանքների ծավալը`2.5 -11.2%: Հաշվետու տարում 6.6% ավելացել է կաթի արտադրության ծավալները, մսամթերքի արտադրության ծավալներն ավելացել են 4,1%, իսկ ձկնարտադրության ծավալները` 49%:
Անասնաբուծությունը զարգացնելու համար ձեռք են բերվել եվրոպական տեսակների երինջներ, որոնք տալիս են 4.5-7.5 մլն լիտր կաթ, մինչդեռ տեղական երինջները տալիս էին 2-2.2 մլն լիտր կաթ:
Բաղյանն ընդգծել է, որ առաջին անգամ Հայաստանից Վրաստան է արտահանվել 200 երինջ, որից հետո ստորագրվեցին պայմանագրերը: Նա նաև հավելել է, որ առաջիկայում նախարարությունը պատրաստվում է արտահանել ևս 250 գլուխ անասուն:
Պաշտոնյաները հաղորդել են նաև, անցյալ տարի մշակվել է 332.776 հազար հա սևահող: