Սևանը հայտնվել է էկոլոգիական աղետի եզրին,
հայտարարել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը հուլիսի 22-ին
կայացած մամուլի ասուլիսում:
Բնապահպանի կարծիքով,
լճում առկա իրավիճակը շարունակում է վատանալ մի շարք գործոնների ազդեցության տակ: Մի
կողմից` լճի ճահճացման է հանգեցնում այն, որ ծառերից և թփերից չմաքրված ափերը ջրի տակ են մնացել Սևանի մակարդակի
բարձրացման ծրագրի իրագործման ընթացքում: Մյուս կողմից, փորձագիտական
գնահատականների համաձայն, լճի ջրի 60 տոկոսն աղտոտված է, ինչը հարվածի տակ է դնում
ձկնաշխարհը: Ադամյանի ասելով, արձանագրվել է Սևանի ջրի ջերմաստիճանի բարձրացում,
ինչը նույնպես բացասական գործոն է:
Արդեն մտահոգիչ իրավիճակը
վատթարացնել կարող է նաև Սևանից ջրառի առավելագույն ծավալի ավելացումը: Ավելի վաղ
այդ ծավալը կազմում էր 170 մլն խմ, սակայն անցյալ տարվանից Արարատյան դաշտավայրում
ջրի պակասի առնչությամբ անհրաժեշտ համարեցին այդ ցուցանիշը հասցնել 240 մլն խմ:
Բնապահպանները միայն վերջերս են իմացել այն մաիսն, որ խորհրդարանն առանց հանրային
լսումներ անցկացնելու հաստատել է 270 մլն խմ ջրառը:
Ադամյանը կասկածի է
ենթարկել այն հիմնավորումը, թե ոռոգման նպատակով այդպիսի մեծ ծավալի ջրառն
անհրաժեշտություն է Արարատյան դշատավայրի կարիքներն ապահովելու համար: Փորձագետը
տեղեկացրել է, որ անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, Արմաշ և Սուրենավան
գյուղերի բնակիչները ոռոգման համար օգտագործում են արտեզյան ջրհորները, այլ ոչ թե`
Սևանի ջուրը: Նույնպիսին է իրավիճակը նաև Արմավիրում: Բնապահպանն ուշադրություն է
հրավիրել այն հանգամանքի վրա, որ, չնայած Արարատյան դաշտավայրում ջրի պակասի մասին
խոսակցություններին, այս տարի կբացվի 70 արտեզյան հոր:
«Միանշանակ է. Սևանի ջուրն
Արարատյան դաշտավայր չի մտնում, այլ հոսում է
դեպի Արաքս և հետո` Ադրբեջանի կողմը: Լճից ջրառի ավելացման միակ նպատակն
առափնյա գոտու առանձնատները և հանգստյան գոտիները հեղեղումներից զերծ պահելն է` Սևանի
մակարդակի բարձրացման ծրագրի իրագործման հետևանքով», - ընդգծել է Ադամյանը: