Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցների հարցերին:
Պետության ղեկավարի ասելով, հավանաբար, այդ արարողությանը Հայաստանի մասնակցությունը կլինի արտաքին գործերի նախարարի մակարդակով: Ըստ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարը կտեղեկանա նաև, թե արդյո՞ք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է դեպի անմար կրակը: Միևնույն ժամանակ Սարգսյանը դժվարացել է պատասխանել Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանն առնչվող հարցին: «Հայաստանի ցանկությունն է, որ այն օր առաջ բացվի», - ընդգծել է նա: