Ոչ
իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի արդյունքները կախված են
հայ հասարակության ակտիվությունից: Այդ մասին սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիսում
հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Եթե հասարակությունն անհրաժեշտ ակտիվություն դրսևորի,
ապա արդեն հոկտեմբերի 10-ից կսկսվի արմատական իշխանափոխության գործընթաց», - նշել
է քաղաքական գործիչը, հավելելով, թե պարտադիր չէ, որպեսզի իշխանափոխությունը տեղի
ունենա մեկ օրում:
Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ եռյակը
հանրահավաքի կգնա մի քանի սցենարով: «Գործընթացները կախված կլինեն հասարակությունից,
քաղաքական ուժերը կգնան այն ուղղությամբ, որը կընտրեն հավաքվածները», - ընդգծել է
նա: Քաղաքական գործիչը նաև հավաստիացրել է, որ «ժողովրդի իշխանություն» չի նշանակում
պատասխանատվությունը կուսակցությունների ուսերից հանրահավաքի մասնակիցների
վրա գցել: «Մենք, պարզապես, կհետևենք
ժողովրդի ձայնին: Փորձը ցույց է տվել, որ հասարակության համախմբումը միշտ
հանգեցրել է փոփոխությունների, հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիները
գիտակցաբար մոտենան և ներկա լինեն հանրահավաքին», - հայտարարել է նա:
Հիշեցնենք,
որ հոկտեմբերի 10-ին կայանալիք ոչ իշխանական խորհրդարանական խմբակցությունների
համատեղ հանրահավաքօ օրակարգի հիմնական հարցերը սահմանադրական բարեփոխումներն են և
կուսակցությունների կողմից իշխանություններին ներկայացված 12 կետերը: Սեպտեմբերի
17-ին ՀՅԴ-ն հրաժարվեց մասնակցել ոչ իշխանական խմբակցությունների խորհրդարանական
«քառյակի» հանրահավաքին` սահամանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցում
տարաձայնությունների առնչությամբ. ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» դեմ են
իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին, մինչդեռ ՀՅԴ-ն
անհրաժեշտ է համարել մասնակցել բարեփոխումների շուրջ քննարկումներին և ներկայացնել
սեփական առաջարկությունները: