1915 թվականի իրադարձությունները չի կարելի ցեղասպանություն չանվանել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի ավագ խորհրդական Էթյեն Մահչուփյանը:
Ինչպես նշում է թուրքական «Հաբերլերը», թուրքահայ պաշտոնյայի այդ հայտարարությունը լայն արձագանք է հարուցել Թուրքիայի հանրության շրջանում: Մահնչուփյանի ասելով, եթե Ռուանդայի, Սուդանի, Կամբոջայի և Բոսնիայի իրադարձությունները որակվում են ցեղասպանություն, ապա համանման գնահատականի պետք է արժանանա հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում:
«Հռոմի Ֆրանցիսկոս պապն ապրիլի 12-ի իր հայտարարությամբ Վատիկանի վրայից նետեց 100-ամյա հոգեբանական բեռը: Պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել Վատիկանի գործողություններում, քանի որ այն, ինչ արեց Ֆրանցիսկոսը, խղճի տուրք է», - ասել է Մահչուփյանը:
Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում 20-րդ դարի առաջին ցեղասպանություն էր որակել հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում: Դրանից անմիջապես հետո Անկարայում Վատիկանի դեսպանը կանչվել է ԱԳՆ` բացատրություն տալու, իսկ Վատիկանում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել` խորհրդատվության համար: Հռոմի պապի հայտարարությունը քննադատել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` դրանք համարելով «զառանցանք»: