Արփի լճի ջրի մակարդակը նվազել է երկու երրորդով: Լիճը մտնում է նույնանուն Ազգային պարկի կազմի մեջ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը, ստեղծված իրավիճակի պատճառը, մասնավորապես, ընթացիկ տարում ձյան տեսքով տեղումների նվազագույն քանակությունն է: Բացի այդ, փորձագետի խոսքով, ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջուր է արտամղվել:
Մանվելյանը մատնանշել է նաև Արփիի մոտակայքում գործող 4 փոքր ՀԷԿ-երը: ՙԿասկածներ կան`արդյո՞ք այդ ՓՀԷԿ-երը հարկ եղածից ավելի շատ ջուր չեն վերցնում: Սակայն, դա հնարավոր է իմանալ միայն կոշտ մոնիտորինգի անցկացման դեպքում՚,- նշել է նա:
Նրա խոսքով, Ջրային պաշարների կոմիտեի հետ արդեն քննարկվում է Արփի լճի ջրային պաշարների օգտագործման նկատմամբ հստակ վերահսկողության իրականացման հարցը`լճի ջրի նվազագույն մակարդակի ապահովման նպատակով:
Խնդրի կարևորությունը կայանում է այն բանում, որ Արփի լճի վրա երկու կղզի կա, որտեղ ձվադրում են Կարմիր գրքում գրանցված գանգրահեր հավալուսնը և հայկական որորը: Այսպիսով, լճում ջրի որոշակի մակարդակի պահպանությունը հատուկ նշանակություն ունի հազվագյուտ թռչնատեսակների պահպանության տեսակետից: