Բրազիլական GESPI ընկերությունը մասնավոր ձեռնարկություն է, և Ադրբեջանի կառավարության հետ վերջինիս ցանկացած շփում տեղի է ունենում առանց Բրազիլիայի պաշտպանության նախարարության միջնորդության: Այդ մասին, ի պատասխան ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցմանը, հայտարարել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն`մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հայտարարությունը, որ Բաքուն ծրագրում է բրազիլական նոր սերնդի հակատանկային հրթիռներ արտադրել:
ՙԲրազիլիան հիանալի հարաբերություններ է պահպանում թե’ Հայաստանի, թե’ Ադրբեջանի հետ, և պատրաստ է քննարկել երկու երկրների հետ պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները՚,- ասվում է Բրազիլիայի դեսպանի պատասխանում: Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովին, հայտնել էին, որ Ադրբեջանը նախատեսում է բրազիլական նոր սերնդի հակատանկային հրթիռների արտադրություն սկսել:
ՙԱդրբեջանական կողմը բանակցում է բրազիլական GESPI ընկերության հետ հակատանկային հրթիռների համատեղ արտադրության շուրջ: Մոտ ժամանակներս այդ ընկերության ներկայացուցիչները ժամանելու են Ադրբեջան բանակցությունների հերթական փուլի համար: Սակայն, արդյունքները հայտնի կդառնան ընթացիկ տարվա ապրիլին: Բրազիլիայի պաշտպանության նախարարն ադրբեջանական կողմին հրավիրել է մասնակցել զենքի միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվելու է ապրիլին: Այնտեղ էլ կստորագրվեն համապատասխան փաստաթղթերը՚,-ասել է նախարարը: