«Հարավկովկասյան
երկաթուղի» ընկերությունը մասնակցում է ապրիլի 11-ին Թբիլիսիում բացված Caucasus
Tourism Fair – 2014 միջազգային տուրիստական ցուցահանդեսին: Ընկերության տաղավարն
այսօր այցելեց Վրաստանի փոխվարչապետ, տնտեսության ու կայուն զարգացման նախարար
Գեորգի Կվիրիկաշվիլին, ում ներկայացվեց ՀԿԵ-ի գործունեության ու մատուցվող
ծառայությունների մասին տեղեկատվությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
ԸՆկերության մամուլի ծառայությունից, հատուկ ուշադրություն էր դարձվել Հայաստանն
ու Վրաստանը կապող միջազգային երկաթուղային չվերթներին, մասնավորապես,
Երևան-Բաթումի-Երևան չվերթում աշխատող «Արմենիա» միջազգային ֆիրմային գնացքին:
ՀԿԵ-ի ներկայացուցիները Վրաստանի փոխվարչապետին են
ներկայացրել ուղևորներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ
տարվող քաղաքականությունը, երկաթուղային տուրիզմի զարգացման հեռանկարները,
տեղեկացրել, որ արդեն գործում է միջազգային գնացքների տոմսերի ինտերնետ վաճառք:
Միջազգային ցուցահանդեսին «ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցում է
Universal Travel տուրիստական գործակալության հետ համատեղ, որի հետ միասին մշակվել
է հատուկ երկաթուղային տուր:
Expo Georgia Exhibition
Center կենտրոնում անցկացվող
ցուցահանդեսը կավարտվի ապրիլի 13-ին: Ցուցահանդեսը կազմակերպել է Expo Georgia
ցուցահանդեսային կենտրոնը՝ Վրաստանի տնտեսության նախարարության և Թբիլիսիի
քաղաքապետարանի աջակցությամբ:
Նշենք,
որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր
ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն
կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝
կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ
համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: