Մայիսի 30-ի երեկոյան ձերբակալված ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները կասկածվում են ծանր և առանձնակի ծանր հանցագործություններ կատարելու մեջ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը:
Նրա խոսքով, քննությունը շարունակվում է և, հնարավոր է, այդ գործում դեռ լինեն փոփոխություններ: Տեղեկատվությունը նախնական է, և կարող է փոփոխությունների ենթարկվել, նշել է Թամազյանը՝ հիշեցնելով անմեղության կանխավարկածի մասին, ըստ որի՝ մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ի ուշ երեկոյան ձերբակալվել են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը: Նա հաղորդել է, որ ձերբակալություններն իրականացվել են մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու, որոշ ապրանքատեսակներ ինքնարժեքից բարձր, ուռճացված գներով ձեռք բերելու փաստերի առնչությամբ հարուցված երկու տարբեր քրեական գործերի շրջանակում: Հիշեցնենք, որ Մելս Չիլինգարյանը մայիսի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր Հայաստանի ԶՈՒ վարչության պետի պաշտոնից: Ավելի վաղ ձերբակալվել էր Զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ):