Ադրբեջանում գերության մեջ եղած Տավուշի մարզի բնակիչ, 25-ամյա հովիվ Արսեն Խոջոյանը 17-ամյա աղջկա է սպանել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ոստիկանությունից, հունիսի 25-ի գիշերը Շամշադինի բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, ժամանակավորապես Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում բնակվող 17-ամյա Աստղիկ Հանիսյանը, ում հիվանդանոց էին տեղափոխել հունիսի 24-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր:
Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Խոջոյանը, որը խոստովանել է իր մեղքը և ձերբակալվել:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 7-ին Արսեն Խոջոյանը գերեվարվել էր ադրբեջանական կողմում, նույն թվականի ապրիլի 10-ին հանձնվել էր հայկական կողմին: Գերությունից վերադառնալուց հետո նա մշտապես ֆիիզկական և հոգեկան խնդիրներին առնչվող գանգատներ է ունեցել: