Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը կոչ է արել մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ համարժեք գնահատական տալ Լուկա Վարդանյանի հետ կապված միջադեպին:
ՙ2016թ. մայիսի 30-ին ԶԼՄ-ներում եղան մի շարք հրապարակումներ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 8-ամյա Լուկա Վարդանյանին 10 ժամով անազատության մեջ պահելու մասին: Նա ժամանել էր Բաքվի օդանավակայան իր մոր՝ Քրիստինա Կոնստանտինովայի և նրա ամուսնու հետ, որոնք նույնպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Երեխայի անազատության մեջ պահելու միակ պատճառը նրա հայկական ազգանունն էր, որի պատճառով Ադրբեջանի իշխանությունները նրան ՙկասկածում էին՚ հայ լինելու մեջ:
Այս անընդունելի միջադեպը Ադրբեջանում պետականորեն իրականացվող հայատյացության (արմենոֆոբիայի) դրսևորում է: Այդ քաղաքականությունը մանրամասն նկարագրված է 2016թ ապրիլի 21-ին Արցախի օմբուդսմանի հրապարակած միջանկյալ հանրային զեկույցում:
Կոչ եմ անում մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, հատկապես` երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին այս միջադեպին և ընդհանրապես հայատյացության քաղաքականությանը տալ համարժեք գնահատական: Այս քաղաքականությունը 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված սարսափելի վայրագությունների անմիջական պատճառն է:
Միջազգային հանրության կողմից այս միջադեպի պատշաճ դատապարտումը կարող է կանխել հայերի նկատմամբ ատելության քարոզի տարածումը և բռնության հրահրումը, իսկ դրա արդյունքում` մարդու իրավունքների կոպիտ խախտումները տարածաշրջանում՚,- ասված է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ: