Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը, ԵՄ երկրները, այդ թվում`Ֆրանսիան, մեծ ակտիվություն ցուցաբերեն այդ հարցում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ից նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
Նրա խոսքով, անդրատլանտյան հանրության երկրները պետք է իրենց գերակայությունը դարձնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, քննարկեն այդ հարցը Ռուսաստանի հետ և բացատրեն այդ երկրին, որ եթե այն շահագրգռված է ԵՄ և ԱՄՆ հետ լավ հարաբերություններում, պետք է նպաստի հակամարտության կարգավորման հարցում բեկմանը: Նա նաև նշել է, որ Արևմուտքը ներկայումս չի կարող իր ուշադրությունն ամբողջովին կենտրոնացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա`Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով:
Ըստ որում, Բրայզան համաձայն չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության առնչությամբ քննադատության հետ: Նա համոզված է, որ ՄԽ-ն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ համատեղ սահմանել է բանակցությունների շրջանակները: ՙ2008 թ. համաձայնություն է ձեռք բերվել Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքները հիմնված են փոխզիջման վրա և իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու հնարավորություն են տալիս Ադրբեջանին՚,- ասել է Բրայզան Trend-ին հարցազրույցում:
Դիվանագետը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բավականաչափ քաղաքական աջակցություն չեն զգում Արևմուտքի երկրներից, այդ թվում`ԱՄՆ-ց, որպեսզի կարողանան բացատրել իրենց ժողովուրդներին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը:
Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր փոփոխման վերաբերյալ մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվությունը`դիվանագետը նշել է, որ հնարավոր չէ համարում ՄԽ կազմում Թուրքիայի և Գերմանիայի ներառումը:
ՙՀայաստանը երբեք չի ընդունի Թուրքիային`որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ: Դա հնարավոր կդառնա թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման պայմանով, բայց դա ձեռնտու չի լինի Ադրբեջանին: Ադրբեջանը թույլ չի տա, որպեսզի Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը՚,- ասել է նա: Բրայզայի խոսքով, Գերմանիան նույնպես չի կարող զգալի ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում:
Ըստ որում, Բրայզան նշել է, որ ընդհանուր առմամբ շատ ավելի արդյունավետ կլիներ բացառել ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցային գործընթացից`առանց միջնորդների բանակցելու հնարավորություն տալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին:
ՙԱյլևս միջնորդների անհրաժեշտություն չկա, և կողմերը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել, ովքեր կզբաղվեն հանդիպումների կազմակերպման հարցով: Անտրամաբանական է ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, որի մեջ մտնում է Ռուսաստանը, որը չի ձգտում հակամարտությունների կարգավորմանը: Այժմ շատ հեշտ է մեղադրել միջազգային միջնորդներին, բայց միջնորդները ոչինչ չեն որոշում. նրանք ընդամենը լուծման ուղիներ են առաջարկում՚,- եզրափակել է Բրայզան: