


Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական մոնոպոլիան, ամեն ինչը ճնմշելու նրա ձգտումները, աստիճանաբար երկիրը վերածում է Բրեժնևի ժամանակաշրջանի ԽՍՀՄ-ին, լճացման ժամանակաշրջանին, ինչը վերջնական արդյունքում բերեց այդ հզոր պետության փլուզմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, քաղաքական լճացումն էլ ավելի մեծ վտանգ է ներկայացնում փոքրիկ Հայաստանի համար:
Դաշնակցականը ցինիզմ է համարում իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ իրենք, իբր, միաժաման հանդիսանում են և իշխանություն, և ընդդիմություն, ինչպես նաև սեփական չինովնիկների ու նախարարների ինքնաքննադատատության մարտավորությունը: Ռուստամյանն աբսուրդային է համարել նաև այն երևույթը, որ խորհրդարանի խոսնակը խոսում է պետական գույքի և բյուջետային միջոցների թալանչիների ու կողոպտիչների մասին, իսկ դրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ հստակ քայլեր չեն ձեռնարկվում:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ընդդիմությունը նույնպես պատասխանատվության իր բաժինն ունի իշխանությունների քաղաքական կամայականությունների համար: ՙԸնդդիմությունն այդպես էլ չկարողացավ ձևավորել մի ընդհանուր օրակարգ, հաղթահարել մասնատվածությունը և իրեն դիրքավորել որպես գործող իշխանություններին միասնական, անխախտ և գործող այլընտրանք՚,-նշել է նա:



