Ոչ իշխանական քառյակի
շարժումն ապագա չունի, քանի որ հետապնդում է միայն մեկ նպատակ. տապալել նախագահ
Սերժ Սարգսյանին: Հոկտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել
Քրիստոնեադեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Խոսրով Հարությունյանը:
Նրա ասելով, հոկտեմբերի
10-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը
հստակ նշեց, որ որոշումներ կկայացնեն քառյակի առաջնորդները, իսկ ժողովուրդն
ընդամենը գործիք է, որը կօգնի հասնելու իշխանության: Հարությունյանը նաև
հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները մտահոգության պատճառ չունեն, քանի
որ, նրանց կարծիքով, քառյակին այդպես էլ չի հաջողվել իրենց կողմը գրավել
հասարակության մեծ մասին: «Չնայած այն հանգամանքին, որ դա ամենաբազմամարդ
հանրահավաքն էր վերջին մի քանի տարիներին, քառյակի առաջնորդներն, այնուամենայնիվ,
գիտակցեցին հեղաշրջման անհնարինությունը», - ընդգծել է քաղաքական գործիչը:
Հարությունյանը նաև
հայտարարել է, որ հանրահավաքում ոչ ի նոր բան չի հրապարակվել: Նրա կարծիքով,
ինչպես և նախորդ հանրահավաքներում,
ընդդիմությունն այս անգամ էլ օգտվեց ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից`
դժգոհության ալիք բարձրացնելու համար: «Սակայն ելույթ ունեցողները մոռանում են, որ
ընդհուպ մինչև 2012 թվականը նրանցից ոմանք
իշխանության մի մասն էին և կարող էին դիմակայել որոշումների կայացմանը, սակայն դա
չեն արել», - եզրափակել է նա:
Հիշեցնենք,
որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ոչ իշխանական եռյակի (ՀԱԿ,
«Ժառանգություն», ԲՀԿ) հանրահավաքին, որին միացավ նաև ՀԺԿ-ն, ըստ Ոստիկանության պաշտոնական
տվյալների, ներկա է եղել 16 հազար մարդ: Իրենց ելույթներում քառյաի առաջնորդերն
ընդգծել են, որ հոկտեմբերի 24-ին կայանալիք հաջորդ հանրահավաքում կներկայացվի
իշխանափոխությանը նպատակաուղղված գործողությունների ծրագիր: