«Սասնա Ծռեր» զինված խմբավորմանն աջակցության մեղադրանքով ձերբակալված Ալեք Ենիգոմշյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել: Այդ մասին ասվում է ՙՀիմնադիր խորհրդարանի՚՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ երեկ Երևանի Հյուսիսային պողոտայի հարակից տարածքից բերման է ենթարկվել ՀԽ աջակից Վահրամ Պետրոսյանը, որն իր անձնական մեքենայով տեղափոխում էր Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ հավաքի տեխնիկան։
Նշենք, որ հուլիսի 27-ին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել եւ դատավարական պատշաճ ընթացակագով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան), ով կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ: «Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ», - ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:
Մինչդեռ Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ԱրմԻնֆո-ի թղթկցի հետ զրույցում հայտարարել է, որ կալանավայրում իր պաշտպանյալի իրավունքները լիովին ոտնահարվրում են, քանի որ նա հաշմանդամ է և ի վիճակի չէ ինքնուրույն սնվել, սահմանափակված է նաև նրա տեղաշարժը, նա հատուկ հարմարեցված խցի կամ իրավապահնեի աջակցության կարիք ունի: Մինչդեռ, փաստաբանի հավաստմամբ, Ենիգոմշյանը սովորական խցում է պահվում, նրան աջակցություն չի տրամադրվում որոշակի գործողություններ կատարելիս, ինչը միջազգային նորմերի խախտում է և կարող է որակվել խոշտանգում: Բաղդասարյանը նաև հաղորդել է, որ իր պաշտպանյալի ոգին կոտրված չէ: