Ավարտվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան, որն ընթացավ «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: Alitalia ընկերության ինքնաթիռը, որի վրա պատկերված էին Հայաստանի եւ Վատիկանի դրոշները, Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի Վատիկան:
Օդանավակայանում Պոնտիֆիկոսին ճանապարհում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ, Ամենայն հայոց Գարեիգն Բ կաթողիկոսը, պաշտոնատար անձինք, հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Հնչեցին Հայաստանի եւ Վատիկանի օրհներգերը: Պոնտիֆիկոսի ինքնաթիռը Ciampino օդանավակկայանում վայրէջք կկատարի տեղական ժամանակով 20:40-ին:
Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն իր այցի շրջանակում հանդիպեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում երկու պետությունների ղեկավարները հանդես եկան հայտարարություններով: Ուշագրավ է, որ Հայաստանի նախագահի նստավայրում իր ելույթում Հռոմի սրբազան քահանայապետը, շեղվելով ելույթի նախնական տեքստից, մի քանի անգամ արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը՝ խոսելով 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձրությունների մասին Դա հակազեցություն հարուցեց Թուրքիայում: Հռոմի պապը նաեւ այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Նա նաեւ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտոտ եւ գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ մեկնեց Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև այցելեց Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի ունեցավ էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք՝ երկու եկեղեցիների ղեկավարների մասնակցությամբ: Իսկ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի սրբազան քահանայապետը հանդիպեց Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, մասնակցեց Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը ստորագրեցին համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք մատուցեցին Խոր Վիրապի վանքում եւ ճերմակ աղավնիներ բաց թողեցին Արարատի ուղղությամբ: Ինչպես լրագրողների հետ զրույցում խոստովանեց Պապի ներկայացուցիչ կարդինալ Լոմբարդին, Պոնտիֆիկոսը Հայաստանում իրեն զրում էր ինչպես տանը: