Ռուսաստանցի հայրենակիցների ամենամյա խորհրդաժողովն օգտակար միջոցառում է, որն,
անշուշտ, անգնահատելի ներդրում է ունենում Հայաստանի և Ռուսաստանի
հարաբերությունների զարգացման գործում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
ՙՌուսական համայնքը
Հայաստանում համախմբված ու միասնական է: Այսօր նրանք հավաքվել են`ամփոփելու անցած
տարվա արդյունքները, նախանշելու հետագա անելիքները: Հայաստանում ապրող ռուսաստանցի
հայրենակիցները երկու պետությունները միմյանց կապող յուրօրինակ կամուրջ են: Այդ
պատճառով մենք պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք այդ մարդկանց, նրանք
արյամբ ռուս են, բայց ամենից առաջ Հայաստանի քաղաքացիներ են՚,- ընդգծել է
դիվանագետը:
Բացելով
ռուսաստանցի հայրենակիցների VII ամենամյա խորհրդաժողովը` Ռուսաստանի դեսպանը նշել
է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում անցկացվել է մշակութային, կրթական,
հասարակական-քաղաքական, գիտական բնագավառներում շուրջ 60 միջոցառում`ուղղված
Հայաստանում ռուսական հոգևոր, մշակութային և լեզվական միջավայրի պահպանմանը:
Նա նաև անդրադարձել
է Ուկրաինայում տիրող իրավիճակին և նշել, որ այն խիստ մտահոգիչ է, քանի որ այնտեղ
ոչ սահմանադրական ճանապարհով իշխանության են եկել աջ արմատական և նեոնացիստական
ուժերը: ՙՄեր հետևողական և հավասարակշռված դիրքորոշումը թույլ տվեց պաշտպանել
Ղրիմի մեր հայրենակիցներին, թույլ չտալ նեոֆաշիստների իրավական կամայականությունը
և վերականգնել պատմական արդարությունը: Մենք կանխելու ենք ցանկացած ագրեսիվ
միջամտություն բարեկամ պետությունների ներքին գործերին` օտար գաղափարներ տարածելու
պատրվակով՚,- ասել է նա:
Երևանում ապրիլի
12-ին կայացել է ռուսաստանցի հայրենակիցների 7-րդ ամենամյա կոնֆերանսը` ՙՀայաստանի
ռուսաստանցի հայրենակիցների խնդիրները և փոխգործակցության, համագործակցության ու
կոնսոլիդացիայի արդիական խնդիրները՚ թեմայով: