Ղարաբաղի հարցը ոլորուն արահետ է, բայց այդ հարցում քայլ
առ քայլ կարելի է հասնել խաղաղության: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն,
թուրքական NTV հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով, խաղաղություն
կառուցելը շատ բարդ գործընթաց է, որը բազմաթիվ պարամետրերից է կախված, որոնք
անհնար է միաժամանակ վերահսկել: «Ընդամենը մեկ ականը կարող է Ղարաբաղում բերել
հրադադարի ռեժիմի դադարեցմանը»,-հայտարարել է թուրք նախարարը:
Միևնույն ժամանակ նա նշել
է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների
վերաբերյալ վարչապետ Ռեջեպ Թայիդ Էրդողանի հայտարարությունը չպետք է ընկալվի որպես
Թուրքիայի և Ադրբեջանի միջև հայտարարությունների ազդեցության լծակ: Նախարարը նշել
է, որ Էրդողանի հայտարարության տեքստը պետք է վերածվի աղբյուրի, որի վրա հղում
կկատարեն բոլոր նրանք, ովքեր վերլուծում են 1915 թվականի իրադարձությունները:
«Հնարավոր է, որ վարչապետի
հայտարարության կապակցությամբ մենք չստացանք հայերի ցանկալի արձագանքը, բայց դա չի
նշանակում, որ Անկարան մտադիր է հրաժարվել ցավակցություններից, քանի որ այս
հարցում մեզ համար ամենակարևորը մարդկային գործոնն է: Բացի այդ, կարևոր է նաև
երրորդ կողմերի արձագանքը, որոնք ստիպված կլինեն վերանայել իրենց դիրքորոշումները
Օսմանյան կայսրությանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ»,-նշել է
Դավութօղլուն:
Նա նաև հույս է հայտնել,
որ Էրդողանի հայտարարությունը հայերին նույնպես թույլ կտա փոխել իրենց կարծիքը
Թուրքիայի հանդեպ: ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Էրդողանի հայտարարության կապակցությամբ
աշխարհի արձագանքն ապացուցեց, որ Անկարան հասավ իր նպատակին: «Ոչ ոք չէր սպասում
Անկարայի նման քայլին, չնայած առաջին ազդանշանները տրվել էին դեռ 2005 թվականին:
Քաղաքականության մեջ փոփոխությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ փոխվի
մարդկանց աշխարհահայացքը: Էրդողանի հայտարարությունը հենց դրան էլ ուղղված
էր»,-եզրափակել է Դավութօղլուն:
Նշենք, որ ապրիլի 23-ին
Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիդ Էրդողանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ
ցավակցել էր Հայոց ցեղասպանության զոհերի թոռներին, միաժամանակ աճրագործությունը որակելով
որպես «20-րդ դարի սկզբի իրադարձություններ»:
Հիշեցնենք,
որ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 330 կմ
երկարությամբ ընդհանոհր սահմանը, 1993 թվականից, Անկարայի նախաձեռնությամբ փակ է:
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են Թուրքիայի կողմից
ղարաբաղյան հարցում Ադրբեջանին աջակցելու հանգամանքով, ինչպես նաև Անկարայի սուր
արձագանքով, կապված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց
ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի զարգացման հետ: