Ապրիլյան պատերազմը նեղացրել և էլ ավելի կնեղացնի Ղարաբաղի շուրջ փոխզիջումների դաշտը: Երևանում ընթացող ՙԿովկաս-2015՚ երկօրա միջազգային գիտաժողովի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
ՙԱյս առումով, կարծում եմ, տեսանելի ապագայում հակամարտության վերջնական կարգավորման շուրջ զարգացումներ սպասել պետք չէ: Կարծում եմ, որ 2016 թ. ապրիլից բանակցային գործընթացը բաժանվել է երկու ճյուղի. առաջինի հեռանկարները ես նշեցի, երկրորդը՝ կողմերի միջև վստահության միջոցների ստեղծումն է: Դա անհրաժեշտ է՝ հաշվի առնելով, որ ապրիլյան ռազմական էսկալացիայից հետո կողմերն ավելի մեծ քաղաքական փակուղում են հայտնվել, քան նախկինում՚,- նշել է նա:
Մինասյանը գտնում է, որ նախաձեռնելով ապրիլյան պատերազմ՝ Բաքուն հետապնդել է ոչ թե ռազմական, այլ քաղաքական նպատակներ՝ առաջին հերթին ձգտելով ցույց տալ 1994 թ. ստատուս-քվոյի առկայության բացակայությունը: Ըստ որում՝ ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքական: Իսկ ապրիլի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետերի կողմից հրադադարի համաձայնության ձեռքբերմամբ Ադրբեջանը փորձել է հրաժարվել 1994-95 թ. մի կողմից Երևանի և Ստեփանակերտի և մյուս կողմից Բաքվի միջև զինադադարի վերաբերյալ պայմանագրից:
Փորձագետը գտնում է, որ չնայած մարտական որոշ դիրքերի կորստին՝ Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոն պահպանվել է, սակայն զգալիորեն մեծացել է պայթունավտանգության աստիճանը: Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծ պատերազմ Մինասյանն առաջվա պես անհնար է համարում՝ հաշվի առնելով կողմերի զսպող հրթիռային ներուժի առկայությունը: