Եթե ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանության հարցում հաշվի չառնի Թուրքիայի շահերը, երկրների միջև երկկողմ հարաբերությունները կարող են վատթարանալ: Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի Արդարության և զարգացման կուսակցության կառավարման խորհրդի անդամ Մազհար Բագլին:
Նրա խոսքով, Վաշինգտոնը և Անկարան ռազմավարական դաշնակիցներ են, սակայն ԱՄՆ-ը պետք է իմանա, որ Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի համար շատ նուրբ հարց է:
ՙԱնկարան բազմիցս միջազգային հանրությանը, ինչպես նաև հայերին ներկայացրել է այդ հարցի առնչությամբ իր դիրքորոշումը. 1915 թ. իրադարձությունները պետք է հետաքննվեն օբյեկտիվ և անաչառ՚,- ասել է Բագլին:
Նա նշել է, որ 1915 թ. իրադարձությունները, որոնց առնչությամբ հետաքննություն չի իրականացվել, չպետք է օգտագործվեն ընդդեմ Թուրքիայի, և Անկարան գտնում է, որ այդ քայլն ուղղված է երկրի ազգային շահերի դեմ:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Ներկայացնելով փաստաթուղթը` Կոմիտեի ղեկավար, սենատոր Մենենդեսը, մասնավորապես, հայտարարել է. ՙՑեղասպանությունը դա ցեղասպանություն է, և դրան երբեք չի կարելի մեկ այլ անուն տալ, և բոլորը պետք է ճանաչեն այն, հատկապես` մարդկության դեմ այդ հանցագործության 100-ամյակի նախաշեմին՚: