Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար կառավարող ՀՀԿ-ի թեկնածուն ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն է: ԱրմԻնֆո-ին այդ մասին հայտնի է դարձել ՀՀԿ աղբյուրներից:
Հայտնի է դարձել, որ նախօրեին Թաթոյանն արդեն հանդիպել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի և պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանի հետ:
Նշենք, որ օմբուդսմենի թեկնածությունը նախ պետք է հաստատվի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամների 1/3-ի կողմից, իսկ այնուհետև ներկայացվի խորհրդարանի հաստտամանը: Տվյալ պահի դրությամբ ընդդիմությունն այդ պաշտոնի համար թեկնածություն չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն զբաղեցրած Կարեն Անդրեասյանը հրաժարական էր տվել` առանց որևէ բացատրության: Սակայն, ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, նրա նկատմամբ ճնշում է գործադրվել իշխանությունների կողմից` Հայաստանի նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ լարված հարաբերությունների առնչությամբ: