Արգենտինայում հայերի բնաջնջման մասին խոսելիս միշտ օգտագործում էին «ցեղասպանություն» բառը: Այդ մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Հայաստանից վերադառնալիս ինքնանթիռում պատասխանելով հունիսի 24-ին Հայաստանի նախագահի նստավայրում իր ելույթի ժամանակ, արարողակարգի շրջանցմամբ, Հայոց ցեղասպանություն տերմինի արտաբերմանն ռնչվող հարցին:
«Բուենոս Այրեսի մայր տաճարում մենք տեղադրել ենք խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Եվ ես երբեք այլ բառ չեմ իմացել։ Երբ եկա Հռոմ, լսեցի «Մեծ եղեռն» կամ «սարսափելի ողբերգություն», և ինձ ասում էին, թե «ցեղասպանություն» բառը վիրավորական է: Բայց ես միշտ խոսել եմ անցյալ դարում կատարված երեք ցեղասպանությունների մասին. հայերի ցեղասպանությունը, Հիտլերի ցեղասպանությունը և Ստալինինի ցեղասպանությունը», - ասել է Պոնտիֆիկոսը։
Ընդ որում նա ընդգծել է, որ ցեղասպանություն եղել է նաև Աֆրիկայում, բայց 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմների շրջանում եղել են հենց այդ երեքը։ «Անցյալ տարի, երբ նախապատրաստվում էի Սուրբ Պետրոսի տաճարում հիշատակի միջոցառումներին, ես տեսա, որ Հովհաննես Պողոս Երկրորդն օգտագործել է այդ բառը, և ես նրանից մեջբերում արեցի: Դա լավ չընդունվեց, Թուրքիայի կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ, իր դեսպանին հետ կանչելով Անկարա, որը վերադարձել է մի քանի ամիս առաջ», - նշել է Պոնտիֆիկոսը: Ընդ որում Ֆրանցիսկոս պապը հավելել է, որ ի սկզբանե իր ելույթում այդ բառի չի եղել, սակայն, լսելով Հայաստանի նախագահի ելույթի հնչերանգը, հիշելով, որ նախորդ տարի հրապարակավ ասել է այդ բառը, տարօրինակ կլիներ գոնե նույնը չասել։
Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հունիսի 24-26-ը Հայաստան այցի շրջանակում հանդիպեց նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում երկու պետությունների ղեկավարները հանդես եկան հայտարարություններով: Ուշագրավ է, որ Հայաստանի նախագահի նստավայրում իր ելույթում Հռոմի սրբազան քահանայապետը, շեղվելով ելույթի նախնական տեքստից, մի քանի անգամ արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը՝ խոսելով 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձրությունների մասին Դա հակազեցություն հարուցեց Թուրքիայում: Հռոմի պապը նաեւ այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Նա նաեւ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտոտ եւ գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ մեկնեց Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև այցելեց Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի ունեցավ էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք՝ երկու եկեղեցիների ղեկավարների մասնակցությամբ: Իսկ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի սրբազան քահանայապետը հանդիպեց Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, մասնակցեց Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը ստորագրեցին համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք մատուցեցին Խոր Վիրապի վանքում եւ ճերմակ աղավնիներ բաց թողեցին Արարատի ուղղությամբ: Ինչպես լրագրողների հետ զրույցում խոստովանեց Պապի ներկայացուցիչ կարդինալ Լոմբարդին, Պոնտիֆիկոսը Հայաստանում իրեն զրում էր ինչպես տանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ էր մատուցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ, որի ընթացքում 20-րդ դարի առաջին ցեղասպանություն էր որակել 1,5 միլիոն հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում: