Առաջիկայում «Դեմ եմ» նախաձեռնությունը մտադիր է ՀՀ Պետեկամուտների
կոմիտեի դեմ հայցով դիմել ՀՀ վարչական դատարան, որպեսզի վերացվիլ կենսաթոշակային
հաշիվներին ավտոմատ կերպով գումար փոխանցող մեխանիզմը: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո
գործակալության թղթակիցը, այս մասին նախաձեռնության աշխատանքային հանդիպման ընթացքում
հայտարարել է ՀՀ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության
պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, այն, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարում
են, որ ՍԴ որոշումից հետո էլ անհրաժեշտ է շարունակել կենսաթոշակային վճարների
հավաքը, երիտասարդությանը հոգեպես ճնշելու նպատակ է հետապնդում, որը վճռականորեն է
տրամադրված երկրում ստեղծված իրավիճակը փոխելու առումով:
Մինասյանն ընդգծել է, որ այդ բոլոր հայտարարությունները սուտ են, քանի որ
երբ օրենքներն ունենում են երկակի պարզաբանում, ապա, ըստ միջազգային իրավական
նորմերի, պարզաբանվում են քաղաքացիների օգտին, հետևաբար, Հայաստանի քաղաքացիները
պարտավոր չեն իրականացնել այդ վճարները:
Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանադրական
դատարանն ապրիլի 2-ին անվավեր ճանաչեց կուտակային կենսաթոշակային համակարգի
պարտադիր բաղադրիչը: ՍԴ որոշել է օրենքն անվավեր ճանաչել այն մասով, որը չի
ապահովում սեփական աշխատավարձը տնօրինելու քաղաքացու իրավունքը: Օրենքի բոլոր
վիճահարույց հոդվածները դատարանը ճանաչել է անվավեր, քանի որ դրանք բոլորը
համակարգային կապի մեջ են: ՍԴ կառավարության և խորհրդարանի համար մինչև սեպտեմբերի
30-ը վերջնաժամկետ է սահմանել` օրենքը ներկայացվող պահանջներին
համապատասխանեցնելու համար: Իսկ «Դեմ եմ» նախաձեռնությունը պնդում է, որ ՍԴ որոշումն
սկսի գործել անմիջապես: