Հուլիսի 20-ի` լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցում ոստիկանների և ցուցարրաների միջև բախումների հետևանքով բերման է ենթարկվել 136 քաղաքացի:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, հուլիսի 21-ի գիշերը իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններ են բերվել 136 քաղաքացիներ: «Օրենքով սահմանված ժամկետում կասկածը չհիմնավորվելու բոլոր դեպքերում անձինք ազատ են արձակվել ոստիկանությունից կամ ներկայացվել են նախաքննության մարմնին՝ քննչական գործողություններ կատարելու համար: Հանցագործություն կատարելու կասկածը բավարար լինելու հիմքով մի քանի դեպքերում նախաքննության մարմնի կողմից իրականացվել է «ձերբակալում» քննչական գործողություն: Ձերբակալվածների թիվը կհայտնվի լրացուցիչ», - ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ինչպես արդեն հաղորդվել է, անցած գիշեր Խորենացի փողոցում բախումներ են տեղի ՊՊԾ տարածքը գրաված «Սասնա Ծեր» խմբավորմանը սատարող ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարներն սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ այն բանից հետո, երբ նրանցից պատասխան չեն ստացել ՊՊԾ տարածքում գտնվող զինված խմբավորման անդամներին սնդամթերքի փոխանցմանն առնչվող հարցին: Ցուցարարներին ցրելու նպատակով Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ:
Առողջապահության նախարության հաղորդման համաձայն, ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։ 18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին։