Ղազախստանի
խորհրդարանի վերին պալատը` Սենատը, դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում օրենք է
ընդունել 2014 թվականի մայիսի 29-ի
Եվրասիական տնտեսական միության շուրջ պայմանագրին Հայաստանի Հանրապետության
միանալու վերաբերյալ պայմանագրի վավերացման մասին, հաղորդում է
«Նովոստի-Ղազախստանը»:
Սենատի տնտեսական քաղաքկանության, ինովացիոն զարգացման և
ձեռներեցության կոմիտեի եզրակացության համաձայն, պայմանագրի ուժի մեջ մտնելու
օրվանից Հայաստանը դառնում է ԵԱՏՄ անդամ և ստանձնում է պայմանագրով նախատեսված
պարտավորությունները: «Օրինագծի ընդունումը ԵԱՏՄ անդամ երկրներին թույլ կտա պայմաններ ստեղծել տնտեսական ինտեգրման հետագա
զարգացման համար` նրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերին համապատասխան»,
- ասվում է կոմիտեի եզրակացությունում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Ղազախստանի ազգային
էկոնոմիկայի նախարար Երբոլատ Դոսաևը, Ղազախստանի և Հայաստանի միջև
ապրանքաշրջանառությունն այսօրվա դրությամբ կազմում է 7,7 մլն ԱՄՆ դոլար:
Ղազախստանի համար կան Հայաստանի հետ մետալուրգիայի, գյուղատնտեսության և
շինարարության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններ:
Հիշեցնենք,
որ դեկտեմբերի 18-ին Եվրասիական տնետսական միության շուրջ պայմանագրին Հայաստանի
Հանրապետության միանալու շուրջ պայմանագրի վավերացման մասին օրինագծն ընդունել էր
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը: Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահ
Նուրսուլթան Նազարբաևը: