Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ առանց ներկա
իրավիճակի արմատական պատճառները հասկանալու՝ Արևելյան գործընկերության հետագա
ընթացքը կարող է կասկածի տակ առնվել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի
մամուլի ծառայությունը, այս մասին ապրիլի 24-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պրահայում ընթացող Արևելյան
գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը:
«Հայաստանը միացել է Արևելյան գործընկերությանը խորին համոզմամբ, որ այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Մենք մնում ենք այդ համոզման: Այս նախաձեռնությունն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանում ոչ թե բաժանարար պատ, այլ միացնող կամուրջ դառնալու համար: Անհրաժեշտ է երկխոսության ճանապարհով գտնել տարածաշրջանի բոլոր շահառուների հետաքրքրությունները հաշվի առնող լուծումներ»,-ընդգծել է Սարգսյանը: Նա միաժամանակ
նշել է, որ համաեվրոպական արժեքներ ասելով՝ մենք
առաջին հերթին հասկանում ենք ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը: Եվ հենց այս արժեքներն են ընկած մեր պետականաշինության հիմքում՝ հանդիսանալով մեր երկրի հետագա զարգացման տեսլականի հիմնական ուղեցույցը:
«Անցած հինգ տարիների ընթացքում Արևելյան գործընկերության հովանու ներքո իրականացված բարեփոխումների գործընթացն էապես ամրապնդել է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում: Շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում, ազատ և արդար ընտրությունների, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, պետական կառույցների գործունեության թափանցիկության բարձրացման, դատական համակարգի անկախության ապահովման, քաղաքացիական հասարակության զարգացման գործում»,-նշել է նախագահը: Միաժամանակ նա հավելել է, որ դեռ շատ անելիքներ կան անելու եվրոպական մոդելի իրական ժողովրդավարության կայացման համար:
Ըստ Սարգսյանի, Արևելյան գործընկերության շրջանակներում առանցքային ձեռքբերու է համարվում մարդկային շփումների խրախուսումը: «Այս առումով ցանկանում եմ առանձնացնել մուտքի արտոնագրերի ոլորտում գրանցված առաջընթացը, ինչի ապացույցն է քաղաքացիների միջև կապերը և փոխանակումներն ավելի խթանելու նպատակով նոր իրավական շրջանակների ձևավորումը: Ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը»,-նշել է ՀՀ նախագահը: