Հունվարի 28-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առջև իր
ելույթում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը շոշափել է Հայոց ցեղասպանության
թեման:
Ինչպես հաղորդում է Asbarez-ը, վկայակոչելով
իսրայելական Haaretz թերթը, Ռիվլինը
ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Հոլոքոստին նվիրված
հիշատակման միջոցառումների ժամանակ: Դա տեղի է ունեցել, երբ նա պաշտպանել է
Իսրայելի քաղաքականությունը: Նա «ցինիկ» է որակել իր երկրի կողմից պաղեստինցիների
նկատմամբ ցեղասպանության և պատերազմական հանցագործողությունների համար մեղադրանքները:
«1915 թվականին Հայոց ցեղասպանության
օրերին Նիլիի (հրեական լրտեսական ցանց Պաղեստինում) ներկայացուցիչ Ավշալոմ Ֆեյնբերգը գրել է հետևյալը. «Ատամներս սեղմում եմ սարսափից. ո՟վ է լինելու հաջորդը: Ես քայլում էի սրբազան հողում` դեպի Երուսաղեմ, և ինքս ինձ հարց է տալիս, թե արդյոք մենք այժմ ապրում ենք 1915 թվականին, թե Տիտոսի կամ Նաբուգոդոնոսորի ժամանակներում: Ես ինքս ինձ հարց էի
տալիս, թե արդյոք կարող եմ միայն իմ ժողովրդի ցավերը ողբալ միայնակ, եթե
Երեմիան էլ իր արյունոտ արցունքը չթափի հայերի համար»: Ռիվլինը հավելել է, որ Ֆեյնբերգը սա գրել է ուղիղ 100 տարի առաջ` ուրացման ու երկմտանքի 100 տարիներ: «Իմ ժամանակվա Իսրայելի հողում ոչ ոք չի ժխտել տեղի ունեցածը», - հայտարարել է Իսրայելի նախագահը:
Նշենք, սակայն, որ Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ավելին, այդ երկրի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը օրերս հրապարակավ ժխտել է
Հայոց ցեղասպանության փաստը: