Հայաստանի տնտեսության ծավալը թե համադրելի թվերով, թե դոլարային արտահայտությամբ դեռեւս ցածր է նախաճգնաժամային մակարդակից՝ պարտքի եռապատկման եւ աղքատության էական աճի պայմաններում:
Այդպիսի արդյունքներով, կարծես թե, ընդունված չէ հպարտանալ, հայտարարել է Հայաստանի երկրորդ
նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am կայքին տված հարցազրույցում` մեկնաբանելով Վարչապետ Սարգսյանի հրաժարականից հետո նրա գործունեությանը նախագահի տված բավականին բարձր գնահատականը: «Ես չգիտեմ, թե ինչպես եւ ինչն էր նա գնահատում նախկին վարչապետի գործունեության մեջ,
սակայն, դատելով ամենից, աշխատանքի արդյունքներն այստեղ կապ չունեն», - նշել է Հայաստանի երկրորդ նախագահը: Իր կարծիքը հայտնելով Հայաստանի նոր վարչապետի մասին` Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ իր նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար եւ փոխվարչապետ է եղել: «Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը:
Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում», - հայտարարել է նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի
հայտարարությանը ՀՀԿ խորհրդի վերջին նիստում, որի ժամանակ նախագահը ասել էր, թե որոշ նախկին բարձրաստիճան դեմքեր իրենց հաջողությունը փնտրում են գործող իշխանության ձախողումներում, ինչը շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ
մեկնաբանել էին որպես ակնարկ Քոչարյանի հասցեին, երկրորդ նախագահը նկատել է. «Բանավիճել նրա հետ չեմ պատրաստվում,
քանի որ խոսքը գնում է իր սուբյեկտիվ զգացումների մասին: Առավել եւս,
որ ՀՀ եւ ԼՂՀ բարձրագույն պետական պաշտոններում իմ գործունեության գնահատականը ոչ մի կերպ կախված չէ ներկայիս իշխանությունների արդյունավետությունից: Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց»:
Մեկնաբանելով շրջանառվող այն
կարծիքը, որ նախագահ Սերժ Սարգսյանի
նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նպատակներից մեկը երկրի բարձրագույն պետական պաշտոնը միևնույն անձի
կողմից երրորդ անգամ զբաղեցնելու հնարավորության վերացումն էր, ինչը շատ
փորձագետներ համարեցին նախազգուշական միջոց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, երկրորդ
նախագահը նշել է. «Դրա համար Սահմանադրությունը վերաձեւելու կարիք չկա, առավել եւս, երբ պարզվեց, որ նախագահն ինքը դեմ է հանձնաժողովի առաջարկած փոփոխություններին: Պետք է ընդամենը հանել «անընդմեջ» բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող եւ այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի: (ՀՀ սահմանադրության 50 հոդվածում ասվում է, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ՀՀ նախագահի պաշտոնում: «Անընդմեջ» բառը
հանելու դեպքում նորմը հաստատուն բնույթ է ձեռք բերում – խմբ)»: