Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է ՙAnalitik.am՚-ի տնօրենի հայտարարությանը: ՙԴեսպանատունը չի պլանավորել պատասխանել և ինչ-որ մեկնաբանություններ տալ ՙAnalitik.am՚ կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հայտարարության մեջ պարունակվող ակնհայտ անհեթեթության առնչությամբ:
Սակայն, կապված այն բանի հետ, որ որոշ ԶԼՄ-ներ, հակառակ պրոֆեսիոնալիզմի և լրագրողական էթիկայի ավանդույթներին, անմիջապես տարածեցից անհեթեթ հերյուրանքը՝ դեսպանատունն ստիպված է նշել հետևյալը. առաջին՝ անազնիվ է շահարկման առարկա դարձնել միջպետական հարաբերությունները զուտ քրեական արարքի՝ շանտաժի համար մեղքն իր վրայից գցելու համար: Հայտնի է, որ Հովհաննիսյանի ՙհետաքրքրությունների՚ ոլորտը միայն Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանով չի սահմանափակվում: Այս առնչությամբ հիշենք խորհրդային ժամանակների սերիական մարդասպան Ա. Չիկատիլոյի հետ կապված դեպքը, ով փորձել է իր կողմից գազանային սպանություններն արդարացնել քաղաքական շարժառիթներով՝ իբր ՙսովետական օկուպացիայի դեմ պայքարով՚:
Երկրորդ՝ հետևելով Ա. Հովհաննիսյանի տրամաբանությանը՝ նրա կողմից Տ. Ուրիխանյանի առնչությամբ կիրառվող ՙգործակալ՚ բառը կարելի է կիրառել բոլոր պատգամավորների և քաղաքական գործիչների նկատմամբ, որոնց հետ դեսպանատունը հարաբերություններ է պահպանում և որոնք հրավիրում է ընդունելությունների և իր կողմից կազմակերպվող այլ միջոցառումների:: Երրորդ՝ ՌԴ դեսպանատան աշխատակիցների և, առաջին հերթին, դեսպանի պարտականությունների մեջ է մտնում Հայաստանի հետ հարաբերությունների բազմակողմ զարգացմանն աջակցությունը:
Ինտրիգներ հյուսելը մեր զբաղմունքը չէ, ինչպես ցանկանում է ներկայացնել Ա. Հովհաննիսյանը: Սրանով դեսպանատունն իր համար փակված է համարում այս թեման: Վստահ ենք, որ Հայաստանի Հանարապետության իրավապահ մարմինները կպարզաբանեն այս գործը և դատավճիռ կկայացնեն՝ գործող օրենսդրությանը համապատասխան՚,-ասվում է Ռուսաստանի դեսպանատան՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության տեքստում:
Հիշեցնենք, որ ՙAnalitik.am՚ կայքը, որը ղեկավարում էր Անի Հովհաննիսյանը, երկար ժամանակ զբաղված է եղել տարբեր կազմակերպությունների, ընկերությունների և առևտրային բանկերի, այդ թվում՝ՎՏԲ-Հայաստան Բանկի, սև PR-ով: Շանտաժի զոհ է դարձել նաև պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, սակայն, կայքի աշխատակիցները չէին սպասում, որ ծուղակը կընկնեն և ՙլռության համար՚ կաշառք ստանալիս կբռնվեն իրավապահ մարմինների կողմից: Հայտնվելով նախնական կալանքի խցում՝ Հովհաննիսյանը որոշում է հանդես գալ ՙռուսական ագրեսիայի՚ զոհի դերում: Որոշ իրավաբանների կարծիքով, նման պաշտպանական վարքագիծը կօգնի նրան ճաղերի հետևում չհայտնվել մի քանի տարի, ինչպես նաև, հնարավոր է, հետագայում քաղաքական էմիգրանտի կարգավիճակ ապահովել իր համար: