Ռուսաստանն ի սրտե կարեկցում է հայ ժողովրդին, որը վերապրել է աշխարհի մեծագույն ողբերգություններից մեկը. 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում սպանվեց 1,5 մլն հայ, 600 հազարը` բռնի տեղահանվեց, ոչնչացվեցին պատմության եզակի հուշարձաններ, անգին գրքեր և ձեռագրեր: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում իր ելույթում` շնորհակալություն հայտնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու հրավերի համար:
«1915 թվականի իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը: Ռուսաստանում դա ընկալեցին որպես սեփական վիշտ: Միլիոնավոր հայեր ապաստան գտան Ռուսաստանում: Հենց ռուսական դիվանագիտության շնորհիվ այդ իրադարձություններն արժանացան միջազգային դատապարտման: Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարություններով այդ իրադարձությունները որակեցին հանցագործություն ընդդեմ քաղաքակրթության և մարդկության», - հայտարարել է ՌԴ նախագահը, հավելելով, որ հայ և ռուս ժողովուրդներին դարեր շարունակ կապում են առանձնապես ջերմ հարաբերությունները:
«Այդպես է եղել թե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, թե Սպիտակի երկրաշարժի ժամանակ», - նշել է նա:
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում կանցկացվեն ավելի քան 2 հազար միջոցառումներ, որոնց կմասնակցեն ոչ միայն Ռուսաստանի 3 մլն հայերը, այլև ՌԴ տարածքում բնակվող այն ազգությունների ներկայացուցիչներ:
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է. մարդկանց զանգվածային սպանությունը ոչ մի կերպ չի կարող արդարացվել: Մենք պետք է հնարավորինն անենք, որպեսզի անցյալի ողբերգականն իրադարձությունները չկրկնվեն: Դժբախտաբար, աշխարհի որոշ անկյուններում կրկին գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, իշխանության են ձգտում արմատականները, դիտվում են ռուսատյացության դրսևորումներ: Նախքան գործողություններ ձեռնարկելը` մենք պետք է մտածենք դրանց հետևանքների մասին: Մենք պետք է լինենք հանդուրժող. հարգանք դրսևորենք միմյանց նկատմամբ, հենց այդպես կարող ենք փոխել աշխարհը` դեպի լավը, մենք ձեզ հետ ենք, թանկագին բարեկամներ», - ամփոփել է Ռուսաստանի նախագահը: