Ապրիլյան ագրեսիայի ընթացքում կորցրած 800 հա տարածքը հակառակորդի ձեռքում է գտնվում ժամանակավորապես: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ղարաբաղյան պատերազմի մասնակից, Կենտրոնական հրամանատարության հետախույզ, հատուկ նշանակության հետախույզների դիվիզիայի հիմնադիր և հրամանատար Վովա Վարդանովը:
ՙԱյն 700 – 800 հա-ն, որոնց մասին այդքան շատ խոսում են, խրամատների միջև չեզոք գոտի է: Հայկական կողմը զրկվել է Հյուսիսում 20 հա և Հարավում 30 հա տարածք օգտագործելու հնարավորությունից: Այդ տարածքները հակառակորդի ձեռքում են գտնվում ժամանակավորապես: Մենք դրանք չենք կորցրել, մենք կկորցնենք դրանք միայն այն ժամանակ, երբ համակերպվենք այդ մտքի հետ: Այդ մտքի հետ համակերպվել չի կարելի՚,- համոզված է հետախույզը: Նրա խոսքով, դրանք, անշուշտ, կարևոր մետրեր են:
ՙԲնականաբար մեկ դիրքը չի կարող կարևոր ռազմավարական նշանակություն ունենալ, բայց դա միանշանակ հսկայական մարտավարական և օպերատիվ նշանակություն ունի, քանի որ նրանց համար արդեն տեսանելի են
Թալիշի ուղղությամբ թիկունքի մեր դիրքերը: Մարտավարական տեսակետից նրանք կարող են ոչնչացնել մեր տասնյակ զինծառայողների՚,- հայտարարել է Վարդանովը:
Ազատամարտիկ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Շահե Աճեմյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմն ունի կորցրած տարածքները վերադարձնելու ուժ և կարողություն: ՙՄեր բոլոր զինվորների մարտական ոգին բարձր է, և մենք կանգնած ենք նրանց կողքին: Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հակառակորդն անկանխատեսելի է: Մենք լավ ենք պատրաստված, սակայն պատերազմն ավարտված չէ: Մենք պետք է զգոն լինենք: Քանի դեռ խաղաղարար համաձայնագիր չի ստորագրվել, ամեն պահի կարող է պատերազմը վերսկսվել՚,- նշել է Աճեմյանը: