Ռուսաստանը կարող է հանգիստ լինել հարավային սահմանի այն մասի համար, որտեղ իր գործընկերն Ադրբեջանն է, հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը:
«Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների հատուկ արժեքը թաքնված է դրանց կանխատեսելիության մեջ: Մեզ համար տհաճ ոչ մի անակնկալ չի լինի, ինչը չափազանց կարևոր է ներկայիս ոչ պարզ միջազգային իրադրությունում», - ընգծել է ռուսաստանցի դիվանագետը:
Նշելով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «լավ ապրանքաշրջանառության» առկայությունը` Դորոխինն ընդգծել է, որ գլխավոր փոխգործակցությունն ընթանում է ոչ թե նավթային, այլ ռազմատեխնիկական հատվածում: «Կոմսոմոլսկայա պրավդայում» հրապարակված հարցազրույցում դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի առաջատար գործընկերներից մեկն է ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում:
Ստեկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն, միայն 2010-2014թթ. Ադրբեջանի կողմից զենքի ներմուծման ծավալը 2005-2009թթ. համեմատ ավելացել է 249%-ով: Միայն 2015 թվին Բաքուն բյուջեի հատկացումների 18%-ը կամ մինչև 5 մլրդ դոլար հատկացրել է ռազմական հոդվածներին: Ընդ որում` սպառազինությունների 85%-ն Ադրբեջանը ներմուծում է Ռուսաստանից, որն արդեն Ադրբեջան է մատակարարել 4-5 մլրդ դոլարի հարվածային սպառազինություն: