Մեկ շաբաթից ավելի է՝ ՙՍասնա ծռեր՚ զինված խմբավորումը զավթած է պահում ՊՊԾ գնդի շենքը. գիշերն անցել է առանց միջադեպերի:
Գնդի տարածքը և հարակից փողոցները շարունակում են շրջափակված մնալ ոստիկանների կողմից:
Ուշ գիշեր, երբ ցուցարարներն արդեն ցրվել էին, Խորենացի փողոց էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով, սակայն, գրավված ՊՊԾ շենքի տարածք մուտք չի գործել:
Նշենք, որ ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամները հուլիսի 23-ին ազատ էին արձակել բոլոր պատանդներին: Վերջինն ազատ են արձակվել ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Փոխարենը պայմանավորվածություն էր ձեռք բերվել զավթված տարածքում մամուլի կետ բացելու շուրջ:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամները հայտարարել են, որ մտադիր չեն հանձնվել և շարունակում են պահանջնել ազատ արձակել արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանին, ով ձերբակալվել էր հունիսի 20-ին ՙհանցախումբ կազմակերպելու կասկածանքով՚, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ամեն երեկո Խորենացի փողոցում են հավաքվում ՙՍասնա ծռերի՚ հազարավոր աջակիցներ: Նախօրեին զինված խմբավորմանանդամներն այրել են ոստիկանական մեքենա: Ինչպես հանրահավաքի ժամանակ հայտնել է ՙՀիմնադիր խորհրդարանի՚ անդամ Ալեք Ենիգոմեշյանը, դա արվել է՝ ի նշան բողոքի այն բանի դեմ, որ ՊՊԾ գնդի շենքում ավելի քան 20 ժամ չկա էլեկտրականություն, գրավված տարածքում գտնվող վիրավորին բուժօգնություն չի ցուցաբերվում, սնունդ չի տրանադրվում:
Այնուամենայնիվ, ինչպես ավելի վաղ հայտնել էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով բանակցություններ է վարել զինված խմբավորման անդամների հետ, իշխանությունները որոշել են շարունակել բանակցությունները՝ իրավիճակի խաղաղ կարգավորման նպատակով: