Նախօրեին ձերբակալված զինված խմբավորման և սահմանադրական բարեփոխումների հակառակորդների կապի առնչությամբ տեղեկատվական ՙարտահոսքերը՚ վկայում են իշխանությունների կողմից կեղտոտ քարոզչություն սկսելու մասին: Այդ մասին այսօր լրագրողներին հայտաարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՙԴա էժանագին քարոզչություն է, որով փորձում են հանցագործների բացասական կերպարը կապել սահմանադրական բարեփոխումների հակառակարոդների հետ՚,- նշել է Զուրաբյանը: Նա ավելացրել է, որ կողջուներ ԱԱԾ հատուկ գործողությունը, եթե քարոզչության նման մեթոդներ չկիրառվեին:
ՙՆոր Հայաստանի՚ շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն իր հերթին չի ցանկացել մեկնաբանել ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, թե խմբավորումը սերտ կապեր է ունեցել շարժման հետ: Նա հայտարարել է, որ առայժմ հետևում է իշխանությունների պահվածքին և մի քանի օրից այդ հարցի առնչությամբ հանդես կգա հայտարարությամբ:
Նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ խմբավորումը կապեր ունի սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող ՙՆոր Հայաստան՚ ճակատի հետ: